«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում, երբ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էր, թե իր որդին կապ չունի մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծելու պատմության հետ: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հավաստիացրել էր, թե իբր իր որդին` Տիգրան Խաչատրյանը, այդ միջադեպի ժամանակ Երեւանում է եղել:
Բայց այսօր նրա որդին այդ գործով կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ մարզպետը ստում էր: Եւ այն փաստը, որ պաշտոնյան կարող է անկաշկանդ սուտ խոսել, վտանգավոր է ինչպես ՀՀ քաղաքացիների, սյունեցիների, այնպես էլ նրա գործընկեր պաշտոնյաների համար: Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պետք է որ մտահոգի այն փաստը, որ իրենց կուսակից ընկերն առանց կաշկանդվելու ստում է՝ մոլորեցնելով նաեւ իրենց:
Ի՞նչ է մտադիր անել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից հրապարակված սուտ տեղեկությունների համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ Կառավարությունից այդպես էլ չպատասխանեցին: Թեեւ հասկանալի է, որ պատասխանելու բան էլ չունեին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: