ՔԱՐՈԶԱՐՇԱՎ՝ ԿՈՎԱԼԻ ՀՈՒՅՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, նիստ է հրավիրել, որպեսզի քննարկեն, թե ինչպես են կազմակերպելու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը:
-Այո՛, մենք նիստ ենք արել, կուսակցական խնդիրների եւ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հարցերն ենք քննարկել: 
Մարզպետարանո՞ւմ, աշխատանքի ժամի՞ն:
-Նիստն արել եմ ես Հրազդան քաղաքում, որտեղ կուսակցության գրասենյակն է, որտեղ նախատեսում ենք բացել նախագահի նախընտրական շտաբը: Որոշել ենք գրագետ, կազմակերպված քարոզարշավ իրականացնել, որը պետք է համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին եւ ՀՀ օրենսգրքին:
-Ի՞նչ է նշանակում “գրագետ քարոզարշավ”, Ձեր ասածի մեջ մտնո՞ւմ է նաեւ գրագետ կաշառք բաժանելը:
-Չգիտե՞ք գրագետ քարոզարշավը, որպեսզի ճիշտ հարաբերվենք մեր ընտրողների հետ, ճիշտ ներկայացնենք մեր նախագահի նախընտրական ծրագիրը, հանդիպումներ կազմակերպենք տարբեր համայնքներում: Նկատի ունեմ շատ բարձր մակարդակով, համապատասխան քարոզիչներ ենք ներգրավելու՝ բարձրագույն կրթությամբ: Ձեր ասածը սխալ է, ես այլ բանի մասին եմ խոսում: Դուք տեղյա՞կ չեք, թե ինչպես են քարոզարշավ իրականացնում: Կարծում եմ՝ արդեն բոլորին հայտնի է, թե ինչպես ենք իրականացնելու մեր աշխատանքները:
-Ովքե՞ր կարող են լինել ,բարձրագույն կրթությամբե քարոզիչները, որոնք կներգավվեն ՀՀԿ առաջնորդի նախընտրական քարոզարշավին:
-Դեռեւս պետք է ներգրավենք այդ մարդկանց, նման մտադրություն ունենք, դեռ չենք ներգրավել, այդ իսկ պատճառով որեւէ բան չեմ կարող ասել:
-Կոտայքի մարզն ընտրությունների ժամանակ մշտապես աչքի է ընկել վատ ցուցանիշներով, ՀՀԿ-ն մշտապես քիչ ձայներ է հավաքել Ձեր մարզում, ի՞նչ պետք է անենք այս անգամ ՀՀԿ առաջնորդին գոհացնելու համար, որպեսզի Ձեր պաշտոնին մնաք:
-Մենք երբեք վատ ցուցանիշ չենք ունեցել, ո՞նց եք որոշել, որ մեր ցուցանիշը վատ է:
-Մարզում ԱԺ ընտրություններում հաղթեց ԲՀԿ-ն:
-Մենք մշտապես մեր հնարավորության սահմաններում աշխատել ենք:
-Արդեն որոշվա՞ծ է, թե Սերժ Սարգսյանը երբ է այցելելու Կոտայք՝ քարոզարշավի:
-Կա որոշում, բայց դեռեւս հստակ չէ, չեմ ուզում ասել, քանի որ հնարավոր է՝ փոփոխման ենթարկվի: Երբ հայտնի լինի, կտեղեկացնենք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս