Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող մոլդովացիները` երևանյան ակտիվիստներին. «Կորչի՛ փողի քսակների իշխանությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մոլդովացիների՝ «Ազատության քաղաքը» (Oraşului Libertăţii) հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Երեւանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների:

Հայտարարությունում ասվում է.

«Թանկագին ընկերներ,

Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս եւ էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնեւում, ողջունում ենք եւ մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի իրավունքի եւ փողի քսակների իշխանությունից նրա ազատագրման համար ձեր պայքարում:

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, Մոլդովայի հանրապետության Էներգետիկայի կարգավորման ազգային տեսչությունը էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագների կտրուկ բարձրացման մասին որոշում է ընդունել:

Մենք գտնում ենք, որ նման որոշումը կբերի Մոլդովայի քաղաքացիների մեծ զանգվածի աղքատացման, առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման եւ ինֆլյացիայի, ինչպես նաեւ կհարվածի Մոլդովայի Հանրապետության բնակչության առավել քիչ պաշտպանված շերտերին:

Այդ պատճառով, 24.07.2015-ին, մենք, մի շարք բողոքի ակցիաներ եւ երթեր անցկացնելուց հետո, մոլդովական օլիգարխ եւ Մոլդովայի դեմոկրատական պարտիայի փոխնախագահ  Վլադիմիր Պլախոտնյուկի առանձնատան մոտ հիմնեցինք վրանային քաղաք, ում համարում ենք պետական գանձարանի միջոցների մսխման եւ որպես դրա հետեւանք՝ մոլդովական Լեյի արժեզրկման հիմնական մեղավորը:

Բողոքը հայտարարված է անժամկետ եւ շուրջօրյա: Ամեն օր՝ ժամը 20:00-ին, Ազատության քաղաքում մենք բողոքի հավաքներ ենք անցկացնում, որտեղ իրենց արժանապատիվ կյանքի իրավունքը պաշտպանելու եւ նոր սակագները չեղարկելու խնդրագիրը ստորագրելու են գալիս Մոլդովայի բնակիչները:

Իշխանությունները ամեն օր փորձեր են ձեռնարկում  ցրելու եւ տեղահանելու «Ազատության քաղաքը», ինչպես նաեւ ցուցարարների նկատմամբ տարբեր սադրանքներ են կազմակերպում, սակայն մեր «Ազատության քաղաքը» չի հանձնվում եւ ապրում է արդեն 5-րդ օրը:

Թանկագին ընկերներ,

Այնպես է ստացվել, որ Մոլդովայում եւ Հայաստանում օլիգարխիկ ռեժիմներ են հաստատվել, որոնք ծովահրեշի նման տարածել են իրենց ճանկերը եւ արնախումի նման խմում են իրենց ժողովուրդների կյանքը:

Միայն լայնածավալ քաղաքացիական բողոքը, որը կմիավորի  քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ ազգային արմատներից,  կարող է Մոլդովայի եւ Հայաստանի ժողովուրդներին ազատել օլիգարխների իշխանությունից:

Մենք ձեզ բոլորին տոկունություն, հաստատակամություն եւ կամք ենք ցանկանում Հայաստանի ապագայի համար ձեր պայքարում: Կորչի՛ փողի քսակների իշխանությունը: Կեցցե՛ Ազատությունը»:




Լրահոս