Խորհրդատվական ընկերություններն ինչ-որ թոզ փչեն ու գնեն… չի կարող նման բան լինել. Ռոբերտ Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարվեց, որ ՀԾԿՀ-ն հրավերներ է ուղարկել խորհրդատվական 5 խոշոր ընկերությունների:

«Նիստում հաստատվել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին եւ վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները եւ արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմ»,-տեղեկացնում էր ՀԾԿՀ-ի հաղորդագրությունը:

Նշվում էր նաեւ. «Հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը եւ այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է, որ խորհրդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման եւ դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում»:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի՝ հունիսի 17-ի որոշման համաձայն՝ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 6.93 դրամով: Սակայն Սերժ Սարգսյանի՝ հունիսի 27-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ որոշվել էր, որ մինչ համակարգում անցկացվելիք աուդիտի ավարտը ՀՀ Կառավարությունը իր վրա է վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացման բեռը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք աուդիտի անցկացումը խորհրդատվական ծրագրից հետո չի իրականացվելու, քանի որ տեսակետ կա, որ այդ ամենից հետո աուդիտի հարցը վերջնականապես «փակվելու» է:

-Դրանք տարբեր գործառույթներ են` զուգահեռ անցկացվող, որեւէ մեկը մյուսի հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կապ չունի: Մենք 5 ամենախոշոր, ամենահայտնի խորհրդատուներին հրավիրել ենք, որպեսզի մեզ մոտ գան, իսկ ՀԷՑ-ի աուիդտը լրիվ այլ գործողություն է, դա մեզ հետ որեւէ կապ չունի, իրենք իրենց աշխատանքն են կատարելու, իսկ մենք՝ մերը:

-Բայց այս ժամանակահատվածում աուդիտ անցկացնող ընկերություններն այդպես էլ չեն ընտրվել, եւ նաեւ այդ պատճառով տեսակետ է ձեւավորվել, որ իրականում այդ աուդիտը փոխարինվել է խորհրդատվական ծրագրով: Դուք բացառո՞ւմ եք նման հնարավորությունը:

-Աուդիտի հետ կապված, խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք, դրա հետ մենք որեւէ առնչություն չունենք, այդ աշխատանքները կատարվում են ՀՀ եւ ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո: Այժմ մշակվում է այդ տեխնիկական առաջադրանքը, ես կարծում եմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, ու երբ որ պատրաստ կլինի արդյունքը, կհրապարակվի, ինչպես մեր դեպքում եղավ՝ հանդես եկանք հայտարարությամբ՝ տեղեկատվությունն ամբողջությամբ տեղադրելով նաեւ մեր պաշտոնական կայքէջում: Եթե Դուք ծանոթ եք մեր մամլո հաղորդագրություններին, ապա տեղյակ կլինեք, որ խորհրդատվական հարցի հետ կապված մենք 3 հիմնական ուղղություններ ենք նշել, մենք նաեւ մոտավոր ժամկետներ ենք սահմանել խորհրդատուների համար, որոնք իրենց աշխատանքը կատարելու դեպքում կներկայացնեն:

-Հայ հանրության շրջանում որեւէ վստահություն չկա նման խորհրդատվական ծրագրերի, աուդիտների նկատմամբ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք միջազգային խորհրդատուներին կհաջողվի այնպիսի աշխատանք կատարել, որից հետո հասարակության համար ամեն ինչ հստակ կլինի:

-Եկեք ավելի տրամաբանական նայենք հարցին, աշխարհի ամենախոշոր, 5 բարձր ռեյտինգ ունեցող խորհրդատվական ընկերություններն են ընդգրկվել, իրենք 10 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպություններ են, եւ նրանց համար գալ, ինչ-որ թոզ փչել ու գնալ…չի կարող նման բան լինել, իրենց հեղինակությունն ավելի մեծ փող արժի, քան թե… նրանք գալու են, իրենց մասնագիտական գործը շատ լուրջ կատարեն, փաստաթուղթը կազմեն, թողնեն, գնան:

Թե ինչու են նման հայտարարություններ անում, ես չեմ հասկանում: Համաշխարհային բանկին չեք հավատում, միջազգային հեղինակավոր կառույցներին չեք հավատում, եվրոպական կառույցներին չեք հավատում, մեզ չեք հավատում, մեկին պե՞տք է հավատաք, թե՞ չէ: Բա ո՞ւմ հավատանք, մենք, ի վերջո, պետք է մեր մոտեցումներն ունենանք, թե չէ, եթե մարդը չի հավատում, մենք որեւէ բան չենք կարող անել, մենք մեր աշխատանքը կատարում ենք՝ ապացուցելով, որ պետք է հավատալ, որպեսզի արդյունք լինի:

-Պարո՛ն Նազարյան, բայց ժողովուրդը մեղավոր չէ, որ կորցրել է հավատը իշխանությունների նկատմամբ: Ի վերջո, իշխանությունների գործունեության արդյունքում է այդ անվստահությունը ձեւավորվել, ինչի մասին, ի դեպ, վերջերս բարձրաձայնեց նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը…

-Բայց ի՞նչ հիմքեր կան չհավատալու, մենք աշխատում ենք, որպեսզի հասարակությունն արդյունք ունենա: Այսքանը, շնորհակալություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս