Հովիկ Աբրահամյանի հագով չեղած կովի կաշվից կոշիկը աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ կոշիկը փոքր է եղել վարչապետի ոտքին, եւ այն հետ է ուղարկվել «Տավրոս» ընկերություն: Իսկ, ահա, ընկերության տնօրինությունն էլ վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում տեղակայված «Տավրոս» ընկերության խանութերից մեկում. ընդ որում, բավականին թանկ գնով: Ավելի ուշ ֆաբրիկան այլ կոշիկ է կարել Հովիկ Աբրահամյանի համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու համար զրուցեց Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյանի հետ:

-Պարո՛ն Մովսիսյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր հիմնադրած «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել նրան: Բայց, ցավոք, փոքր է եղել վարչապետի ոտքին, եւ այն հետ է ուղարկվել:

-Նման բան չի եղել, սխալ տեղեկություն է, որ մենք կոշիկը փոքր ենք կարել, ու մեզ հետ են վերադարձրել, եւ մենք էլ դրել ենք ու աճուրդի ենք հանել, իրականությանը չի համապատասխանում: Ամեն ինչ այսպես է եղել. Երեւանում ՀՀ վարչապետի եւ Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ հանդիպում է եղել: Խոսք է եղել, թե Հայաստանը, որը կոշիկի արտադրությամբ զարգացած է եղել, ինչու է հիմա խեղճացել: Վարչապետն ասել է, որ հնարավոր չէ այնպիսի կոշիկ արտադրվի, որ մարդիկ գնեն: Ես ասել եմ վարչապետին, որ կարող ենք, եւ նա էլ պատասխանել է, որ կարեք, տեսնենք՝ ինչ կոշիկ է: Ու երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ Գյումրի, ցույց տվեցինք մեր արտադրած կոշիկը, իրեն շատ դուր եկավ, ու նա հագավ, եւ շատ լավ էլ եղավ: Այդքան բան է եղել: Ինքն է ցանկություն հայտնել, որ տեղական կոշիկ ունենա, եւ մենք էլ կարեցինք, հատուկ նվիրեցինք: Ինչ կա դրա մեջ, վարչապետի անունից կոշիկ ենք կարել, դա դրական քայլ է:

-Այսինքն՝ վարչապետը, երբ հագել է, չի՞ դժգոհել, որ ցավեցնում է կամ կոշիկը փոքր է կարվել:

-Ո՛չ, չկա նման բան: Մենք նախապես իմացել ենք՝ ինչ համար է նա հագնում, ու այդպես էլ արել ենք:

-Իսկ ջայլամի կաշվից եք կարե՞լ:

-Ո՛չ, ի՞նչ ջայլամ: Սովորական կովի կաշվից կարված կոշիկ է, եւ այդ տեղական կոշիկից բոլոր տեղերը կան:

-Իսկ վարչապետն առաջարկե՞ց վճարել իր համար հատուկ կարված կոշիկի համար:

-Ինքն առաջարկել է, որ մենք պետք է այնպես անենք՝ տեղական արտադրությունը զարգանա: Բոլորս էլ պիտի հպարտանաք, քանի որ վարչապետն իր այս քայլով տեղական արտադրություն է խթանում:

-Իսկ ի՞նչ արժի այդ կոշիկը, սովորական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ վարչապետի կոշիկի նման կոշիկ պատվիրել եւ հանգնել:

-Բնական կաշի է, շատ թանկաժեք չէ, բայց էժան էլ չէ, 40 հազար դրամի չի հասնում:

-Իսկ հետագայում, երբ հանդիպել եք վարչապետին, նկատե՞լ եք՝ նա հագնո՞ւմ է այդ կոշիկները, թե ոչ:

-Առիթներ եղել են, որ տարբեր տեղեր հանդիպել ենք վարչապետին, բայց շատ մոտ չենք եղել, որ տեսնեմ՝ այդ կոշիկն է հագել, թե ոչ: Էականն այն չէ, որ նա հագել է, թե ոչ, այլ այն, որ ինքն այդ գաղափարը տվել է, որ մարդիկ ավելի լավ կոշիկներ պատրաստեն, եւ քաղաքացիները գնեն տեղական կոշիկները: Շատ լավ կլիներ, որ վարչապետը նորից պատվիրեր, իսկ մյուս ղեկավարներն էլ փորձեին հագնել մեր տեղական արտադրության կոշիկները, թեկուզ մի քիչ վատը, բայց տեղականը հագնեն: Ինչո՞ւ պետք է թուրքի արտադրածը հագնեն:

-Իսկ Հովիկ Աբրահամյանից բացի՝ այլ պաշտոնյաների ե՞ւս նվիրել եք:

-Այո՛, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ ֆաբրիկա էր այցելել, մենք իրեն նվիրեցինք, եւ նա շատ հավանեց:

-Էլի կովի կաշվի՞ց էր պատրաստված:

-Այո՛, սովորոկան կովի կաշվից կարված կոշիկ էր, ու նա հագավ:

Քնար Մանուկյան




Լրահոս