Աշոցքի «Տիրամայր Նարեկ» 100 մահճակալ ունեցող հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ: Այն բժշկական օգնություն է մատուցում թե Շիրակի մարզի, թե Ջավախքի բնակիչներին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վրաստանից վերադառնալիս այցելել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որն ապահովված է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, մասնագետներն էլ վերապատրաստվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ եվրոպական երկրներում:
Հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բաժանմունքներով, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, զրուցել հիվանդների հետ:
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեությունը` ընդգծելով, որ դա հիմնադիրների, ղեկավարության և մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում է ձևավորվել:
Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015թ. մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգներին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:
Նախարարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում առողջության պահպանման առաջնային օղակի հզորացման և առողջապահական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ:
«Մենք այսօր հակված ենք, որ որակը լինի հաշվառելի, թվայնացված և յուրաքանչյուր մասնագետ կարողանա հստակ տեսնել որակի բաղադրիչը»,- ասել է է Արմեն Մուրադյանը:
Նախարարը խոսել է նաև հանրային առողջապահական ծրագրերի` «Ցորենի ալյուր հարստացման» օրենքի նախագծի մասին: Նրա հավաստմամբ` հանրային առողջապահական ծրագրերն առաջին հերթին միտված են հիվանդությունների կանխարգելմանը: Արմեն Մուրադյանը խոսել է նաև ծխելու դեմ պայքարի, առողջ ապրելակերպի, ճիշտ սննադակարգ պահելու կարևորության մասին:
Նշենք, որ «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն իր գործունեությունը սկսել է 1992 թվականից, հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: