Ավագանու անդամները մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղապետարանի աշխատանքները պարալիզացված են: Բանն այն է, որ ավագանու 5 անդամներից երեքն այս պահին Հայաստանում չեն. նրանք մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով:

Տեղեկացնենք, որ 2014 թվականի հունվարի 14-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Արտյոմ Դանիելյանի եւ Վահան Սարգսյանի լիազորությունները: Իսկ այս տարվա հունիսի 6-ին վաղաժամկետ դադարեցվել էր ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: Այս խնդիրը կարգավորելու նպատակով գյուղում առաջիկայում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետբյուջեի հաշվին կհատկացվի 1 մլն 123 հազար 400 դրամ:

Այնուամենայնիվ, տեղեկանալու համար, թե ինչու են ավագանու անդամները հրաժարական տվել, «Ժողովուրդ»-ը զրուցեց Աղավնաձորի գյուղապետի աշխատակազմի քարտուղար Մակիչ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ինչո՞ւ են վաղաժամկետ դադարեցվել ավագանու երեք անդամների լիազորությունները:

-Նախորդ տարվա ընթացքում ավագանու հինգ անդամներից երկուսը՝ Վահան Սարգսյանն ու Արտյոմ Դանիելյանը, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Ինչից հետո ավագանու երեք անդամները որոշում են կայացրել վաղաժամկետ դադարեցնել նրանց լիազորությունները: Իսկ ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանն արդեն այս տարվա հունիսի 1-ին եկավ, մոտեցավ մեզ ու հայտնեց, որ ինքն էլ է ցանկանում մեկնել ՌԴ. տոմս է գնել:

-Ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

-Արտագնա աշխատանքի: Այստեղ գյուղատնտեսությամբ են զբաղվել, իսկ դա էլ ձեռնտու չէ: Դրանով չեն կարող ընտանիք կերակրել: Իսկ ավագանու անդամը չի վարձատրվում: Մենք էլ հարմար տեղ ունենանք, կարտագաղթենք:

-Նման մտադրություն ունե՞ք:

-Ունեմ, բայց տեղ չկա գնալու:

-Այսինքն՝ հետաքրքրվում եք, բայց հարմար աշխատանք չե՞ք գտնում:

-Այո՛, հետաքրքրվում եմ: Բայց սեւագործ բանվոր չեմ կարող աշխատել:

-Իսկ գյուղում ավագանու անդամ աշխատելու ցանկություն ունեցողներ կա՞ն, թե՞ ոչ:

-Լինեն, թե ոչ, միեւնույն է, պետք է արտահերթ ընտրություններն անցկացվեն: Այսպես շարունակել աշխատել անհնար է, որովհետեւ գյուղի աշխատանքը պարալիզացվել է, ավագանին չի կարողանում որոշում կայացնել: Եթե կին էլ ցանկացող լինի, ապա մենք միայն ուրախ կլինենք: Բոլոր գյուղերում ավագանու անդամների խնդիր կա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս