Արմեն Մուրադյանը Քրդստանի պլանավորման նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և  Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվեցին  երկկողմ հարաբերությունները զարգացնելու  հնարավորությունները:

Ալի Սինդին նշեց, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն,  և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:

Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծեց, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ:  Նա նկատեց, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:

Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի  ներդրման և վերահսկման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ  վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին:  Ներկայացվեցին նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«Մենք  մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ենք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,-  ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Կողմերը կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով  քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության  Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են  համագործակցել  մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:




Լրահոս