ԽԱՇ-ԽՈՐՈՎԱԾ-ԽԱՇԼԱՄԱ` 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում պատգամավորներին կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀ իշխանություններին կհաջողվի գործարանը կրկին շահագործել:
-Պարո՛ն Ներսիսյան, ԱԺ-ում հաղորդում է ներկայացվելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Քաջատեղյակ լինելով գործարանի խնդիրներին` ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հնարավոր է «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը:
-Որեւէ բան էլ չի ստացվելու, քանի որ մինչեւ այժմ դրա համար որեւէ բան չի արվել, եթե կարողանան աշխատակիցների աշխատավարձերը վճարել, պետք է բավարարվել գոնե դրանով: Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ «Նաիրիտ»-ը հնարավոր չէ շահագործել, այն պարզ պատճառով, որ մենք երկաթուղի չունենք: «Նաիրիտ»-ը աշխատեցնելու համար պետք է առնվազն 500 հազար տոննա բեռնաշրջանառություն, այդքան պետք է բեռներ տանես-բերես, այդպիսի ճանապարհ Հայաստանը չունի, ու ինձ թվում է՝ առաջիկա 20 տարում չի էլ ունենա:
-Այդ դեպքում ինչո՞ւ են այդ հարցը քննարկում ու մշտապես հայտարարում, թե ամեն ինչ արվում է, որպեսզի կարողանան «Նաիրիտ»-ը վերագործարկել: Եթե որեւէ հնարավորություն չկա, նման հայտարարություններն ու այդ հարցի քննարկումն ի՞նչ իմաստ ունեն:
-Ես կարծում եմ, որ ընդամենը ձեւեր են թափում, երբ հայտարարում են, թե ինչ-որ մեկը կարող է գալ շահագործել, աշխատացնել, ընդհանրապես, տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ բան են ցանկանում անել: Բայց ոչ մի բան էլ չեն անում: Ուղղակի մի քանի ամիս առաջ Համաշխարհային բանկը 100 հազար դոլար գումար էր տվել՝ մոնիթորինգ անցկացնելու համար, աշխատացնելու հետ կապված, ես դեռեւս այդ ժամանակ ասեցի, որ այդ 100 հազար դոլարը խաշ-խորոված-խաշլամա են անելու ու գալու են հայտարարեն, որ որեւէ հնարավորություն չկա: Դա է լինելու, ուրիշ որեւէ բան չկա, քանի որ իրականում գործարանը չի կարող շահագործվել, ես արդեն նշեցի մի խնդիր, որի պատճառով անհնարին է դառնում գործարկումը: Արդյունքում կպարզվի, որ ես ճիշտ էի, քանի որ ես ասում եմ այն, ինչ կա:
-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն վաճառել «Նաիրիտ»-ի գույքը, դա գործարանից շահույթ ստանալու նրանց վերջին հնարավորությունն է: Ձեր կարծիքով` գնորդ կլինի՞, արդյո՞ք գործարանը կամ դրա գույքը կվաճառեն:
-Ի՞նչը վաճառեն, ով է հիմար, որ դա գնի, վաճառում են այն գործարանը, որն իր մեջ մի բան ունի, ինչ-որ բան դրանով կկարողանան անել, աշխատեցնել: Ես կարծում եմ, որ, ի վերջո, կգան այն եզրակացության, որ պետք է «Նաիրիտ»-ի հարցը վերջնական փակել, ծախել այդ մետաղը՝ կտրտած: Ես կարծում եմ, որ այնտեղ մի 150-160 միլիոն դոլարի մետաղ կլինի: Դժվար թե գտնվի որեւէ մեկը, որը կցանականա գնել մի գործարան, որը չի կարողանալու աշխատացնել: Մի բան հստակ է՝ «Նաիրիտ»-ում որեւէ բան չկա, որի հիման վրա կարելի է սկսել աշխատել: Ես կարծում եմ, որ նման տեղեկությունները տարածվում են, որպեսզի մարդիկ հույս կապեն գործարանի հետ:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ իր պաշտոնավարման առաջին օրերին հայտարարեց, թե ինչ-որ անհասկանալի պատմություն կա՝ «Նաիրիտ»ի հետ կապված, որը իրենք պետք է պարզեն: Ըստ Ձեզ` ի՞նչ առեղծվածային խնդիր կա՝ այդ գործարանի հետ կապված, որը ՀՀ իշխանությունները չեն կարողանում լուծել:
-Դա վերաբերում է «Նաիրիտ»-ի վաճառվելու, վերավաճառվելու, դրա տերերի հետ կապված պատմությանը: Վարչապետը դրա մասին է խոսել, եթե չեմ սխալվում, վարչապետը հայտարարեց, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ով է «Նաիրիտ»-ի տերը: Իսկ ես կարծում եմ, որ այդ տերերին պետք չի դրսում փնտրել, պետք է փնտրել ներսում՝ Տիգրան Սարգսյան, նրա եղբայրը, Վահան Մելքոնյան, ուրիշ մարդկանց պետք չէ փնտրել, մյուսները հեքիաթներից էին, իսկ իրականությունը սա է: Ուղղակի, իսկապես, «Նաիրիտ»-ում շատ վատ ու բարդ իրավիճակ է ստեղծվել, որին, կարելի է ասել, լուծում չկա:
Հ.Գ. «ԱԺ-ում «Նաիրիտ»-ի հարցով լսումներ կազմակերպելը ընդամենը ֆիկտիվ քայլ է, որով Կառավարությունն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ վերագործարկման հնարավորություններ չկան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

 

 

 

 
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է՝ ՀՐԴԵՀՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՀՐԴԵՀԵԼ ԵՆ

Հուլիսի 25-ին՝ ժամը 12.50-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի բուսաբանական այգում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այրվել է 15 հա տարածք: Բուսաբանական այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հսկողության տակ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի վերահսկողություն է իրականացվում այգում:

-Պարո՛ն Մարտիրոսյան, բուսաբանական այգում վերջերս հաճախակի են դարձել հրդեհները, որոնց պատճառով այգին բավականին մեծ վնասներ է կրում: Ինչի՞ արդյունք է դա, արդյո՞ք Ձեր կողմից պատշաճ վերահսկողություն է իրականացվում` կանխելու համար այդ ամենը:
-Ամառվա շրջանում միայն այդտեղ բռնկումներ չեն լինում, տարբեր տեղեր էլ նման հրդեհներ լինում են, այն տարածքները, որոնք մեծ են, այնտեղ էլ է բռնկվել, այն էլ ոչ թե մեկ անգամ, այլ ամեն տարի գրեթե լինում է: Ամառվա շջանում այդպիսի դեպքեր լինում են: Հսկողությունը… պահակային հսկողություն է սահմանված, սովորական հսկողություն է, երբեմն հիմնարկների համար մեծ թվով պահակներ պահելն էլ դժվար է, որովհետեւ ֆինանսական խնդիրների հետ է կապված: Համենայնդեպս, նորմատիվներին համապատասխան պահակային ծառայություն է իրականացվում:
-Բայց նշվում է, որ որեւէ վերահսկողություն չի իրականացվում, այգին ժամանակին չի ոռոգվում, ինչի արդյունքում էլ բռնկումները հաճախակի բնույթ են կրում: Ինչո՞ւ է նման բարձիթողի վիճակ ստեղծվել այգում, հարակից տարածքի բնակիչները նշում են, որ այնտեղ որեւէ հսկողություն չկա:
-Ցավոք սրտի, հիմնականում ենթադրվում է, որ դա հենց բնակիչների ձեռքի գործն է, որովհետեւ հնարավոր է՝ ինչ-որ մեկը ծխախոտ է գցել, ի վերջո, ինքն իրեն կրակը չի բռնկվում: Ես կրկնում եմ՝ կարող եք հետաքրքրվել ՌԴ-ում, ԱՄՆ-ում տարբեր շրջաններում նման հրդեհներ հաճախ են լինում, ցավոք սրտի, դա այդպես է: Պարիսպից այն կողմ գտնվում են Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միության կողմից կառուցվող բազմահարկ շենքերը, մի քանի հատ այդտեղ շենքեր կան, որոնք հենց անմիջապես այդ տարածքի կողքին են: Մյուս կողմից էլ՝ նոր բնակելի թաղամաս է: Դա այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, առավելապես խոտ է, ամառվա ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում է եւ մի փոքր բանից բռնկվում է, այդպիսի տարածք է: Այնտեղ ծառատեսակներ չկան, այնտեղ հիմնականում մացառներ են, թփեր: Էլի են եղել հրդեհներ, կարծում ե՞ք՝ դա առաջին անգա՞մն է:
-Իսկ գուցե այդ ամենը միտումնավոր է արվում, քանի որ տեղեկություններ կան, որ այդ տարածքում ցանկանում են նոր բնակելի շենքեր կառուցել:
-Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Չի բացառվում, որովհետեւ 3 տարբեր կողմերից է հրդեհը սկսվել: Բայց դա հիմք չի տալիս ինչ-որ բան ասելու, դեռեւս ուսումնասիրություններ են անցկացվում. եզրակացությունը կասեն:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միություն» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանից պարզել՝ արդյո՞ք նա մտադրություն ունի հրդեհված տարածքում էլիտար շենք կառուցել: Ըստ որոշ տեղեկությունների՝ հրդեհն արվել է հենց այդ նպատակով: Սակայն փոխնախարարը վրդովվեց մեր կողմից նշված տեղեկությունների բարձրաձայնումից եւ տարակուսելիորեն բուռն արձագանքեց` գոռգոռալով, թե դրա մեջ որեւէ տրամաբանություն չկա: Նկատենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սովորություն են դարձրել հարցին պատասխանելու փոխարեն գոռգոռալը` այդպիսով փորձելով պաշտպանվել անցանկալի տեղեկություններից: Արդյունքում, սակայն, ստեղծվում է հակառակ տպավորությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014թ. ներկայացրած հայտարարագրի, անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 34 մլն դրամ, 15 հազ. դոլար եւ 20 հազ. եվրո: Դատավորի վերջին տարվա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 775 հազ. դրամ: Հիշեցնենք, որ Վաղինակ Մկրտչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանի հայրը Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է: Դատավորի կնոջ՝ Գայանե Խաչատրյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 43 մլն դրամ, 85 հազ. դոլար եւ 45 եվրո: Սակայն ուշագրավն այն է, որ այդքան դրամական միջոց ունեցող տիկնոջ աշխատավարձը ամսական կազմում է ընդամենը 65 հազ. դրամ: Հիշեցնենք, որ Վ. Մկրտչյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչ իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների եւ Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ:

 

ՀԷԿ-Ը ԿՏՈՒԳԱՆՎԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2010 թվականի մայիսի 26-ին կայացրած որոշմամբ «Ջրաղացի Ձոր» ՓԲԸ-ին տրամադրել էր «Գողթ-1» եւ «Գողթ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով: Սակայն պարզվել է, որ «Գողթ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի դրվածքային հզորությունը գերազանցել է: Արդյունքում ՀԾԿՀ-ն պատրաստվում է հուլիսի 29-ին կայանալիք նիստում «Ջրաղացի Ձոր» ընկերությանը տուգանել մեկ միլիոն դրամի չափով: Ամեն դեպքում համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է նշված օրվա նիստում: Ի դեպ, 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաներով, ըստ շահագործող ընկերությունների, Էլէներգիա արտադրող ՓՀԷԿ-ների հիմնական ցուցանիշների համաձայն` Գողթ գետի վրա «Ջաղացի Ձոր» ՓԲԸ-ն կառուցել եւ շահագործում է «Գողթ-1», «Գողթ-2» ՓՀԷԿ-երը: 5900 մետր գումարային տարածքում գետը վերցված է ՓՀԷԿ-երի խողովակների մեջ, ինչը գետի ընդհանուր երկարության 36.9 տոկոսն է: Ըստ մասնագետների՝ Գողթ գետը ճգնաժամային վիճակում է: Ի դեպ, «Գողթ-1» եւ «Գողթ-2» ՓՀԷԿ-երը կառուցվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի «Այլընտրանքային Էներգիայի» ծրագրով:

 

ՎՃՌԱԲԵԿԸ ՄԵՐԺԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի բողոքը՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինելու վերաբերյալ:




Լրահոս