ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական վեճ է հասունացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերության միջեւ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախարարությունը պատգամավորի ընկերությունից պահանջում է շուրջ մեկ միլիոն դրամ:

Եւ այսպես՝ 2015թ սեպտեմբերի 4-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ դատարանի միջոցով «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ից բռնագանձվի 950 հազար 400 դրամ:
Իսկ ինչ գործունեությամբ է զբաղվում «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ն եւ, առհասարակ, ում է պատկանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Խաչարամ կոնսերվատորիա» հետաքրքիր անունը կրող ընկերությունը իրականում ոչ թե երաժշտական, այլ տպագրական ծառայություններ իրականացնող կազմակերպություն է, որի բրենդը «Նորք» տպագրատունն է: Այս տպագրատունը պարբերաբար տպագրական ծառայությունների պատվերներ է ստանում պետական կառավարական մարմիններից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների՝ ՍՊԸ-ի համահիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է:
Ըստ ամենայնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերոնշյալ գումարը փոխանցել է պատգամավորին պատկանող ընկերությանը՝ տպագրություն իրականացնելու համար, սակայն գումարը ծախսվել է, բայց նախարարության պատվերը չի իրականացվել կամ թերակատարվել է, ինչն էլ նախարար Արտեմ Ասատրյանին ստիպել է ընկնել դատարանի դռները: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ Արագած Ախոյանից, սակայն վերջինս պատասխանեց, թե ինքը նման ընկերություն չունի. «Առաջին անգամ եմ լսում, ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը կապ չունենք այդ ընկերության հետ: Եթե մի բան լինում է, ճիշտն ասում եմ, բայց նման բան չկա»:
Չնայած պատգամավորը հերքեց իր առնչությունը ընկերության հետ, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հայտնվում է դատական քաշքշուկի կենտրոնում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականը դատական գործընթացների մեջ է գտնվում ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ: Հարաբերություններն այնքան են սրվել, որ Արագած Ախոյանի ընտանիքը դատական հայցեր է ներկայացրել Կապրիելյանի դեմ: Հիշեցնենք, որ Արագած Ախոյանի ու Հրաչ Կապրիելյանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել էր իրենց բռնած ընդհանուր գործից դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով: Ու մինչ պատգամավորն իր բաժնեմասերի հետ կապված դատական նիստերին էր հետեւում, 2013թ. դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը հայց ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանի դեմ՝ պահանջելով նրանից հօգուտ վարչական շրջանի գանձել 436 հազար 476 դրամ:
Եւ, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: Վերջինս մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, սակայն ընկերությունները դեռես լռում են եւ սպասում, որ պատգամավորը կարգավորի իր ֆինանսական վիճակը:
Սա էլ դեռ քիչ էր, ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին պատգամավորի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները, կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել:

 

 

 

 

ԱՌԵՐԵՍՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ

Մայիսի 2-ին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն մարզպետի որդուն մեղադրանք առաջադրեց, որը, սակայն, մարզպետի որդին չի ընդունում:

Եվ այսպես, հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքում մարզպետի որդին իր թիմակիցների հետ վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչի արդյունքում առաջացած ծեծի հետեւանքով Հարությունը կորցրել է մի աչքի տեսողությունը: Եվ, ահա, հուլիսի 15-ին վերջինս անձամբ էր ներկայացել ՀՀ քննչական կոմիտե եւ պնդել էր իր խոսքերը, որ հենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել: Այս ամենից հետո Տիգրան Խաչատրյանի եւ Հարությունի միջեւ հուլիսի 25-ին կայացավ երկար սպասված առերեսումը, որն էլ ճակատագրական դարձավ մարզպետի որդու համար:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին Տիգրանի եւ Հարությունի միջեւ կայացած առերեսումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի որդին առերեսման ժամանակ հայտնել է, որ ինքը կռվին չի մասնակցել եւ շատ ուշ է գնացել դեպքի վայր: Ավելին՝ Տիգրանը հայտնել է, որ ինքը գնացել է Սդղլի գյոլ կոչվող տարածք այն ժամանակ, երբ բոլորը ծեծված ու ջարդված են եղել: Այսինքն՝ կրկնել էր այն, ինչ դեպքին հաջորդող օրերին ասում էր մարզպետ Խաչատրյանը:
Սակայն մարզպետի որդու «հեքիաթներին» քննչական կոմիտեում կարծես թե այնքան էլ չեն հավատացել կամ գոնե առայժմ չեն հավատացել, եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. 112 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Երեկ ձերբակալված Տիգրանի պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի նախնական երկամսյա կալանքի չդատապարտեն նրան, սակայն Արաբկիր եւ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց Տիգրան Խաչատրյանին կալանավորել:
Ըստ ամենայնի, դատավորն անհրաժեշտ ճշգրտումների մեջ էր, դրա համար էլ ժամեր շարունակ որոշումը չէր հրապարակում՝ մինչեւ հասկանար, թե ինչ վճիռ է պետք կայացնել:
Երեկ Սուրիկ Խաչատրյանը պետական շատ գերատեսչությունների դռներ էր թակում՝ որդուն փրկելու համար: Ու քանի որ Սերժ Սարգսյանն էլ երկրում չէր, հարցի լուծումը բավականին դժվարացել էր: Խաչատրյանի միակ նպատակն էր՝ որդուն գոնե ստորագրությամբ ազատ արձակելու մասին որոշման կայացմանը հասնել: Բայց ….
Նկատենք, որ այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ մարզպետ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով կալանավորվել է Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու, մարզպետի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, մյուս կողմից էլ՝ Բուդաղյանի մտերիմ Զաքարյանների ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել հենց մարզպետի որդուն: Թերեւս քաղաքական առումով հավասարակշռությունը պահելու համար է ստեղծվել այս իրավիճակը, որպեսզի խնդրի հանգուցալուծումից հետո երկու կողմերի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը դրվի բանակցությունների սեղանին, ու գորիսյան հակամարտությունը ավարտվի ոչ ոքի:
Սպասենք՝ տեսնենք:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՔԿՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով նյութեր են նախապատրաստվում: Սրա համար առիթ է հանդիսացել դեռեւս 2012 թվականին տեղի ունեցած դեպքը: Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին «Արթիկ» ՔԿՀ-ի արդեն նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների կողմից, ապա տեղափոխվել «Հրազդան» ՔԿՀ-ի պատժախուց: Մինչեւ 2013 թվականի փետրվարի 11-ը դատապարտյալը պահվել է պատժախցում, ապա տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Մինչեւ հուլիսի 23-ը պահվել է պատժախցում: Դատապարտյալի նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի դեպքի առթիվ էլ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Հավելենք, որ հուլիսի 25-ին սույն գործի շրջանակներում առերեսումներ են կատարվել դատապարտյալի եւ ՔԿՀ աշխատակիցների միջեւ: Նրանցից է, օրինակ, այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանը, ով այժմ «Սեւան» ՔԿՀ-ում հերթափոխի պետ է: Առերեսվել են նաեւ դատապարտյալն ու «Արթիկ» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Ժորժիկ Վարագյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Վահագն Երանոսյանը: Իսկ հետագայում պետք է առերեսվեն նախկին դատապարտյալն ու «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանը, ով այժմ ծառայում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ինչպես նաեւ՝ նույն ՔԿՀ պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը, ով Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի (Աղվես Ավո) որդին է, ով այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է աշխատում: Առերեսում պետք է լինի նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին օպերլիազոր Եգոր Հակոբյանի հետ, ով այժմ «Կոշ» ՔԿՀ ծառայող է: Հուլիսի 25-ին առերեսման ժամանակ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները չեն հերքել, որ դատապարտյալին պահել են պատժախցում, որտեղ բացակայել է հոսանքը, ջուրը, զուգարանը: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ դատապարտյալը եւ նրա հարազատները ՄԻՊ Կարեն Անդրեասյանին իրազեկել են տեղի ունեցածի մասին, սակայն օմբուդսմենը որեւէ ընթացք չի տվել, անգամ կատարվածի մասին զեկույց չի ներկայացրել:

 

ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս. Կոնյանի սպանության դեպքի առթիվ: Հուլիսի 26-ին ոստիկանության բաժին է ներկայացել սպանվածի ամուսինը` Ս. Ստեփանյանը, եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, իր բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար: Ս. Ստեփանյանը ձերբակալված է:




Լրահոս