ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում տեղացած ուժգին կարկուտից վնասներ կրած բնակիչները մինչ օրս ոչ մի տեսակի փոխհատուցում չեն ստացել: Կարկուտից տուժած գյուղապետերը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ մարզպետարանները վնասի հաշվարկման ակտերը տեւական ժամանակ է` տրամադրել են գյուղատնտեսության նախարարությանը եւ հիմա սպասում են արձագանքին:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի կեսգիշերին աննախադեպ ուժեղ կարկուտ էր տեղացել ՀՀ Տավուշի մարզի Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան, Հաղթանակ, Զորական, Բագրատաշեն, Դեբեդավան եւ Լոռու մարզի Ճոճկան, Շնող, Մեծ Այրում գյուղերում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ վնասել էր ոչ միայն ցանքատարածություններն ու պտղատու այգիները, այլեւ տների տանիքները:
Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանի խոսքերով՝ Լոռու մարզպետարանը միջոցներ ձեռնարկել է, բայց գյուղացիները դեռ առարկայական օգնություն չեն ստացել: «Հստակ նորություն չունենք: Գիտենք, որ օրակարգում ներառված է այս հարցը: Գյուղացիներն էլ այս ընթացքում ով ինչպես կարողանում է՝ աշխատանք է ձեռք բերում, որպեսզի անելանելի դրությունից դուրս գա: Ամեն դեպքում, գյուղատնտեսական առումով մարդիկ վատ վիճակում են, որովհետեւ վաճառքի ոչինչ չունեն»,- ներկայացրեց Ճոճկանի գյուղապետը:
Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը դեղձն է, սակայն այս տարի նրանք կարկուտի պատճառով ամբողջովին զրկվել են բերքից: Այս գյուղում 100 տոկոսով վնասվել են ոչ միայն ցանքատարածությունները, պտղատու այգիները, այլեւ կոտրվել են տների տանիքները: Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց. «Խոստացել են, որ կօգնեն, բայց այս պահին դեռ ոչ մի տեսակի աջակցություն չկա: Խոստացել են նաեւ, որ հակակարկտային կայաններ կտեղադրեն: Բացի այս՝ Կառավարությունը գումար պետք է հատկացնի՝ տանիքների կոտրված շիֆերները փոխարինելու համար: Դե, պատկերացրեք մարդկանց եւ այգիների վիճակը 29 րոպե շարունակ ձվի չափ կարկուտ տեղալուց հետո»:
Գյուղապետ Միկիչյանի պատմելով՝ տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով կոտրվել է մոտ 6000 հատ շիֆեր: «Մարդկանց մի մասը կտոր-կտոր հավաքել, կպցրել է, մի մասը շինարարական տենով է կպցրել, մյուս մասը՝ ցելոֆանով: Տեսնենք, թե հետո ինչ կլինի: Ընտանիք էլ կա, որի 120 հատ շիֆրը կոտրվել է, բայց միջոց չունի, որ դրանք փոխի»,- լրացրեց գյուղապետը:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի հետ, ով ասաց. «Մեր մարզի երեք համայքներում՝ Շնողում, Մեծ Այրումում, հատկապես Ճոճկանում, մարդկանց մեծ մասի տների տանիքները կոտրվել են: Եւ այս խնդիրը կարգավորելու նպատակով Կառավարության կողմից հաստատված հրատապ ծրագրերով գումար է հատկացվել եւ նախատեսվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ համայքններին»:
Ջանազյանի խոսքերով՝ 5 մլն դրամ հատկացվել է Ճոճկանին, 2.5 մլն դրամ՝ Շնողին, 1.5 մլն դրամ՝ Մեծ Այրումին: Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ գումարը բաժանելիս հաշվի է առնվելու ընտանիքների սոցիալական վիճակը: Այսինքն՝ հիմնական օգնությունը կտրվի սոցիալապես խոցելի խավին, նրանց, ովքեր չունեն տանիք վերանորոգելու հնարավորություն: Պաշտոնյայի ներկայացմամբ` հավանաբար օգոստոսի սկզբին գումարի բաժանման գործընթացը կսկսվի:
«Ժողովուրդ»-ը Ջանազյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ հատկացված գումարը չբավարարի, եւ այդ դեպքում ինչպես կվարվի մարզպետարանը: «Այնտեղ մարդիկ կան, ովքեր ի վիճակի են իրենց տան տանիքները վերանորոգել: Իսկ աջակցություն կստանան այն ընտանիքները, ովքեր չեն կարող տանիքը կառուցել, դրանց մեջ են մտնում ծերերը, բազմազավակ ընտանիքները եւ այլն»,- ներկայացրեց պաշտոնյան: Մինչդեռ կարկուտից տուժած բնակիչները պնդում են, թե նախապես խոստացել են, որ աջակցություն կստանան բոլորը` անկախ նրանից՝ ի վիճակի են տանիք վերակառուցելու, թե ոչ:
«Ընդամենը օգնության կարգով Կառավարությունն իր ֆինանսական աջակցությունը հնարավորինս տրամադրում է: Այստեղ ո՛չ պետությունը եւ ո՛չ էլ Կառավարությունը պարտավորություն չունեն մարդու սեփական ունեցվածքը վերանորգելու համար օգնություն տալ: Դա մարդու սեփականությունն է, եւ նա է պարտավոր իր սեփականությունը վերականգնել իր սեփական միջոցներով: Իսկ հատկացվող գումարի չափը եկել է պետբյուջեի ֆինանսական հնարավորությունից»,- արդարացավ Ջանազյանը:
Իսկ, ահա, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ Կառավարությունն առայժմ ոչնչով չի օգնել գյուղացիներին: «Վնասները հաշվարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը ակտավորել է վնասների չափը եւ ուղարկել գյուղատնտեսության նախարարություն: Հետո տեղյակ չենք: Սպասում ենք: Միայն կարող եմ ասել, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժել են ցորենի, կարտոֆիլի հողատարածքները, պտղատու այգիները: Ավելի շատ վնասներ կրել են ճոճկանցիները»,- հավելեց Հակոբյանը:
Նկատենք, որ փոխհատուցումների հարցում Կառավարության նման դանդաղկոտությունը որեւէ արդարացում չունի, ի վերջո, տարվա կտրվածքով իրենց հիմնական եկամտի աղբյուրից` աճեցրած բերքից զրկված գյուղացիներին օպերատիվ կերպով փոխհատուցելու դեպքում նրանցից շատերը կկարողանային նոր ցանքս կատարել` մասամբ մեղմելով կատարվածից կրած իրենց կորուստները:

 

 

 

 

 

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Անցած ուրբաթ՝ հուլիսի 24-ին, Նորագավիթ 10-րդ փողոցի բնակիչների մոտ արձանագրվել էր աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպքեր: Արդյունքում հայտնաբերվել էին 50 հիվանդներ: Այս պահին հոսպիտալացված երկու երեխա կա, որոնց վիճակը, բարեբախտաբար, ծանր չէ:

«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել են բակային համայցեր, որի արդյունքում հայտնաբերված մի շարք հիվանդների մոտ առկա են եղել նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Նորագավիթի բնակիչները պնդում են, որ բռնկման պատճառը ջուրն է եղել: Սակայն հուլիսի 24-ին եւ 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մանրէաբանական հետազոտություններն ընթացքում են:
Նորագավիթում տեղի ունեցած թունավորումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տեղի բնակիչների հետ, ովքեր պատմեցին, որ անցած ուրբաթ «Երեւան ջուր» ՓԲԸ-ն իրենց զգուշացրել է ջրանջատման մասին: Ինչից հետո բնակիչները սկսել են ջուր հավաքել: Բնակիչները պատմում են, որ հավաքված ջուրն ունեցել է դեղին գույն: Եւ հենց այդ օրը Նորագավիթ 10-րդ փողոցի բնակիչներն իրենց վատ են զգացել: Նորագավիթի բնակիչներից մեկը՝ տիկին Շողիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ մասնագետներն արդեն երեք անգամ ջրից նմուշառում են վերցրել: Սակայն երբ իրենք հետաքրքրվում են աղիքային հիվանդության պատճառների մասին, մասնագետները խուսափում են որեւէ հստակ պատասխան տալ:
Այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի հետ, ով հայտարարեց, որ նախնական տվյալներով՝ բնակիչների մոտ արձանագրված հիվանդության պատճառը ջրային բնույթի է եղել: «Մենք բակային համայցեր ենք արել եւ բոլորին բացատրել ենք, որ ջրանջատումից հետո պետք չէ անմիջապես ծորակը բացել ու խմել: Դրա համար պետք է թողնել, որպեսզի այն լավ հոսի, մաքրվի, իսկ բնակիչներն անմիջապես վերցրել են ու ոչ թափանցիկ ջուրը խմել: Բացի այս, եթե նման ջրանջատումներ են լինում, ապա պետք է մի երկու օր եռացրած ջուր խմել»,- լրացրեց մասնագետը:
ԱՆ ներկայացուցչի խոսքերով՝ տվյալ տարածքը սպասարկող «Երեւան ջուր» ընկերությունից բակային համայցերի ժամանակ նույնպես ներկայացուցիչներ են եղել. «Իրենք քաջատեղյակ են խնդրին, ջրագծեր են փոխում»:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 1942թ. ծնված Ռոզիկ Արամի Մակունզիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 19-ին, օգտագործելով իր լուսանկարով եւ կողմնորոշիչ տվյալներով, սակայն առանց որեւէ հիմքի տրամադրված ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիրը, որում նշված է եղել կեղծ տվյալ՝ Արագածոտնի մարզ, Գեղադիր համայնք, այն ներկայացրել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի աշխատակիցներին: Մակունզին այդ կերպ առանց սահմանված փաստաթղթերի, կեղծ անձնագրով ապօրինի հատելով սահմանը՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան, այնտեղից էլ ԱՄՆ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»): Ռ. Մակունզիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

ՀՂԻ ԿԻՆԸ` ՎԹԱՐՎԱԾ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ
Հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Ոսկեպար գետը: Ավտոմեքենայի մեջ եղել են երիտասարդ ամուսինը եւ նրա հղի կինը: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը: Մեքենայի ուղեւորը, Կողբ գյուղի 23-ամյա բնակչուհին, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանում, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հղի կինը գոտկատեղի շրջանում ունի սալջարդեր, նրա վիճակը միջին ծանրության է:

 

3 ՏԱՐԲԵՐ ՎԱՐԴԱՎԱՌ
Հայաստանում այս տարի Վարդավառը տոնել են հուլիսի 12-ին: Սակայն Տավուշի եւ Լոռու մարզերում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 26-ն էր: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում Վարդավառը նշում են օգոստոսի առաջին կիրակի օրը, այս տարի այն կտոնվի օգոստոսի 2-ին: Այս, նաեւ Վարդավառը նշելու ձեւերը՝ անտառներում քեֆ անելը, միմյանց վրա ջուր լցնելը, եւս մեկ անգամ վկայում են, որ Վարդավառը հեթանոսական տոն է, որը Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական տոն է դարձրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս