«ՊԱՏՐԱՍՏ ՉԵՄ ՄԱՅՐԱՆԱԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել. նրան շուտով կտեսնենք նոր, անսպասելի կերպարում: Անին «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից` խոստովանելով, որ արվեստի մարդկանց կյանքը բոլորովին այլ, ոչ սովորական հունով է գնում:

-Անի՛, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսել, հետաքրքիր առաջարկներ չկա՞ն:
-Կա. հանդես եմ գալու 24 մասից բաղկացած նոր սերիալում, որի ռեժիսորը Ժան Նշանյանն է: Մի մասը նկարահանվելու է Հայաստանում, մյուս մասը` ԱՄՆ-ում: Ինչ կերպար ասես` խաղացել էի, բայց այնպիսի կերպար, որով հանդես եմ եկել այդ սերիալում, երբեւէ չէի մարմնավորել, սակայն դեռեւս փակագծերը չեմ բացի: Սերիալը թերեւս այս տարի կցուցադրվի Հայաստանում` հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում, եւ ԱՄՆ-ում:
-«Խոպանի տեսություն» սիթքոմում Ձեր կերտած կերպարը եւս առանձնահատուկ է. այնտեղ Դուք խաղում եք տարիքով մեծ կնոջ դեր, «հաշտվե՞լ եք» այդ կերպարի հետ:
-Ճիշտն ասած` շատ բարդ է տարիքով մեծ կնոջ դեր խաղալը: Երբ նոր էինք սկսել աշխատել սիթքոմի շրջանակում, ինձ համար այդ հանգամանքն իսկապես տարօրինակ էր: Ինձ թվում է` որքան էլ ջանում եմ այդ դերում տարիքով մեծ երեւալ, չի ստացվում: Ամեն դեպքում, սիրում եմ իմ կերպարը: Ի դեպ, ես երեբեւէ սիթքոմում չէի նկարահանվել, եւ այդ առումով ինձ համար սա նոր բան է, հետաքրքիր փորձ:
-Էկրաններից Ձեզ հաճախ կարելի էր տեսնել համարձակ կնոջ, նաեւ սիրուհու կերպարներում: Չե՞ք հոգնել նման դերերից եւ այն հանգամանքից, որ երբեմն Ձեզ ասոցացնում են Ձեր այդ կերպարների հետ:
-Ձեր ասած դերերը խաղացել եմ հիմնականում կոմերցիոն ֆիլմերում: Երեւի ռեժիսորների ընտրությունը կանգ է առնում ինձ վրա նաեւ իմ արտաքին տվյալների պատճառով, որոնք համապատասխանում են ընդունված որոշակի չափանիշների: Սակայն ես իմ կարիերայի ընթացքում այնքան շատ դերեր եմ խաղացել` կույս աղջկանից մինչեւ Ձեր ասած համարձակ կերպարներ… Այնպես չէ, որ միայն համարձակ դերերում եմ հանդես եկել: Իսկ, առհասարակ, ինձ կերպարիս հետ ասոցացնելու դեպքեր շատ են եղել: Օրինակ` երբ խաղում էի «Ու՞ր է իմ տղամարդը» սերիալում, կային մարդիկ, որոնք մոտենում էին ինձ, ասում էին` հերիք չեղա՞վ էդ Սուրենին տանջես, ամուսնացեք, պրծեք: Զայրանում էին ինձ վրա (ծիծաղում է):
-Նշել եք, որ ամենատարբեր բնույթի կերպարներ մարմնավորելու ցանկություն ունեք, եւ, եթե առաջարկներն այդ իմաստով կրկնվում են, մերժում եք: Իսկ ֆինանսական հնարավորությունները Ձեզ թույլ տալի՞ս են այդքան ընտրողաբար վերաբերվել առաջարկներին:
-Ֆինանսական հնարավորությունները` ոչ, քանի որ բոլորս էլ գիտենք, թե այդ առումով մեզ մոտ որքան դժվար է իրավիճակը դերասանի համար: Բայց, օրինակ, վերջերս մերժել եմ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու մի առաջարկ, քանի որ կերպարը դուրս չեկավ, ռեժիսորը` նույնպես, թեեւ ինձ առաջարկում էին կլորիկ գումար: Այսինքն` ես չեմ կարող միայն հանուն փողի աշխատել եւ փորձում եմ պահել այդ սկզբունքը:
-Արվեստի ոլորտի մարդիկ բոլորովին այլ, ոչ ստանդարտ դիրքորոշում ունեն ընտանիք կազմելու, ամուսնանալու հարցի շուրջ: Այս հանգամանքը վտանգավոր չէ՞:
-Արվեստի մարդիկ մի քիչ խելագար են… Հիշում եմ` երբ պետք է ընդունվեի թատերական ինստիտուտ, մորաքույրս ասաց` դու հասկանո՞ւմ ես, որ քո կյանքը բոլորովին այլ, ոչ սովորական հունով է ընթանալու, քանի որ դերասանուհին սովորական մարդ չէ… Դեռ վաղ տարիքից ես գիտակցում էի դա, բայց այժմ էլ հասկանում եմ, որ չեմ կարող ապրել առանց իմ աշխատանքի, հատկապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց թատրոնի: Արվեստը փոխում է մարդու կյանքը, առավել եւս երբ արվեստի մարդը ունենում է, օրինակ, այնպիսի վարպետ, ինչպիսին Վահե Շահվերդյանն է: Նա այնքան է մեր մեջ արվեստ ներարկել, որ փոխել է բոլորիս կյանքը: Քո հոգեկերտվածքը փոխվում է` անկախ քեզնից, ապրում ես քո կյանքն այնպես, ինչպես քո հոգին է թելադրում:
-Իսկ մայրանալու ցանկություն դեռ չունե՞ք:
-Անկեղծ ասած` շատ եմ սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չեմ մայրանալու: Շատերն ասում են` դե, գոնե պետք է երեխա ունենալ եւ այլն… Բայց չէ՞ որ կան կանայք, որոնք ամուսնացել են, երեխա ունեն, բայց էլի միայնակ են… Կարծում եմ, որ ընտանիք կազմելը, երեխա ունենալը պարտադրաբար հնարավոր չէ, եթե լինելու լինի, ինքն իրեն կլինի: Ամեն բան թող ճիշտ ժամանակին լինի:

 

 

 

 

 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ՞

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ են մեծածավալ համերգներ կազմակերպվում: Դա իր բացասական հետեւանքն է ունենում բոլոր ժանրերի, այդ թվում եւ ազգային-ժողովրդական երգեր կատարողների համար: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է ժողովրդական երգիչներից` որքանով է նրանց մատուցած երաժշտությունն այսօր Հայաստանում պահանջված:

Ժողովրդական երգեր կատարող Ռուբեն Սասունցին մեզ հետ զրույցում թեեւ խոստովանեց, որ այսօր ժողովրդի մի ստվար զանգված գերադասում է ռաբիսը, սակայն ժողովորդական երգն էլ ունի իր պահանջարկը. «Կարող եմ վստահաբար ասել, որ 8-9 տարի առաջ շատ չէին հնչում ազգային-ժողովրդական երգեր, սակայն այսօր արդեն երիտասարդ սերունդը հակված է նման երգեր լսելուն, կատարելուն»,-նկատեց նա:
Երգչի խոսքով` այսօր ինքն իր ընտանիքը պահում է ժողովրդական երգ կատարելու միջոցով միայն. կողմնակի եկամտի աղբյուր չունի:
Ռուբենը նաեւ նշեց, որ ժողովրդական երգիչներին համերգների հնարավորություն տրվում է Հայաստանից դուրս. «Բնական է, որ սփյուռքում համերգները շատ են, ժողովուրդը` կարոտած, սակայն, միեւնույն ժամանակ, կարող եմ վստահաբար ասել, որ եթե այսօր Հայաստանում մեզ համերգով հանդես գալու հնարավորություն ընձեռվի, տոմսերը կսպառվեն, դահլիճները կլցվեն, միայն թե հովանավորներ են պետք»,-եզրափակեց նա:
Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ազգային-ժողովրդական երգեր կատարողները հիմնականում գումար վաստակում են կոորպորատիվ միջոցառումների ընթացքում, քանի որ վեջին շրջանում Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում: Ամեն դեպքում, Գոհարը չի դժգոհում` հավաստիացնելով, որ ազգային-ժողովրդական երգեր երգելով` Հայաստանում հնարավոր է նորմալ վաստակել:
Նրա համոզմամբ` շատ կարեւոր է, որ կատարողն ինքը հանդիսատեսի շրջանում հետաքրքրություն առաջացնի ազգային-ժողովրդական երգի նկատմամբ. «Տարիներ առաջ, երբ ես ռեստորանում էի աշխատում, գալիս, խնդրում էին, որ «Իմ հիվանդ մայրը» երգեմ, բայց ես նրանց առաջարկում էի, օրինակ, «Քանքարավոր ընկերը», եւ ժողովուրդը հաճույքով լսում էր դա: Այնպես որ, մենք պետք է լինենք ճաշակ թելադրողները»,-ասաց Գոհարը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում 2015 թվականը հոբելյանական է. մշակութային օջախն իսահակյանական եռատոն է նշելու: Այս տարի լրանում է գրադարանի ստեղծման 80, Ավետիք Իսահակյանի ծննդյան 140 եւ գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակը: Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իսահակյանական եռատոնին նվիրված փոքրիկ գրքույկ կհրատարակվի, որն իր մեջ կներառի գրադարանի պատմության 80 տարվա կարեւորագույն դրվագները: Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» ծրագրի շրջանակում Իսահակյանին նվիրված հաղորդում կնկարահանվի, կհնչեն նրա տեքստերով գրված ոչ միայն բոլորին հայտնի, այլեւ անհայտ երգեր: Բացի այդ, կանցկացվեն Իսահակյանին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ այլ ծրագրեր:

 

SNOOP DOGG-ԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ը հայտնվել է ոստիկանությունում` շվեդական Ուփսալա քաղաքում, որտեղ երգիչը հանդես էր գալիս համերգներով: 43-ամյա երաժիշտին ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի օգտագործման կասկածանքով: «Պարեկային ծառայության իրականացման ժամանակ ոստիկանությունը կանգնեցրել է մի ավտոմեքենա, որում գտնվում էր Snoop Dogg-ը», – ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ռեփերը Instagram-ի իր էջում հայտնել է, որ իրեն ձերբակալել են առանց որեւէ պատճառի, եւ ինքն ուղեւորվում է ոստիկանական բաժանմունք` զննում անցնելու համար: Ավելի ուշ երաժիշտը հայտնել է, որ իր մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Հետազոտվելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊԸ
Լեոնարդո Դի Կապրիոյի թուլությունը մոդելների նկատմամբ հայտնի է բոլորին: 40-ամյա դերասանը հունիսի սկզբին նոր սիրավեպ է սկսել Քելլի Ռորբախի հետ: Զույգին ոչ մեկ անգամ են տեսել միասին, իսկ հանգստյան օրերին 25-ամյա մոդելին «բռնեցրել» են Սարդոնիայում` դերասանի զբոսանավի վրա՝ հոլիվուդյան աստղի գրկում: Սիրահարները գլխի են ընկել, որ պապարացիները «բռնեցրել» են իրենց, սակայն դա նրանց վրա չի ազդել, եւ զույգը շարունակել է վայելել միմյանց ներկայությունը:




Լրահոս