Երեկ Հայ ազգային կոնգրեսում քաղխորհրդի նիստ էր հրավիրված: Մոտավորապես երկուսուկես ժամ տեւած նիստի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե արտառոց ոչինչ չեն քննարկել: Դա եղել է ՀԱԿ-ի հերթական քաղխորհրդի նիստը, որին «հիմնական բոլոր կուսակցությունները ներկա էին»՝ քննարկելու Կոնգրեսի հետագա անելիքները: Սակայն պարզվեց, որ ՀԱԿ-ի նիստին ներկա չէին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Հիշեցնենք, որ այս երկու ուժերը դեմ էին արտահայտվել, որ ՀԱԿ-ը համակարգի Լեւոն Զուրաբյանը՝ չլինելով որեւէ կուսակցության նախագահ: Ավելին, որպեսզի ՀԱԿ-ն առողջանա, Զուրաբյանը պիտի հեռանա: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սոս Գիմիշյանի հետ՝ պարզելու, թե ինչու չէր մասնակցում Կոնգրեսի հրավիրած քաղխորհրդի նիստին, ուր սպասվում էր, որ կքննարկվեր Զուրբայանի հրաժարականի հարցը:
-Ինձ տեղյակ չեն պահել, որ քաղխորհրդի նիստ պետք է կայանար: Միշտ զանգահարում են: Բայց այս անգամ բացառություն են արել: Կարո՞ղ է այս Նոր տարուն որոշել են, որ ես ՀԱԿ-ի անդամ չեմ, չնայած նման ցանկություն բացարձակապես չունեմ: Սա առաջինը, իսկ երկրորդն էլ՝ այսօր (երեկ-Ս. Գ.) մեր ամենամոտ ընկերոջ՝ Արմեն Կիրակոսյանի հոր թաղումն էր, եւ չէինք կարող չգնալ: Բայց էլի եմ կրկնում, որ ինձ չեն զանգել, տեղյակ չեն պահել նիստի մասին:
-Հնարավո՞ր է, որ Ձեր վերջին հայտարարությունը՝ ՀԱԿ-ում առկա ճգնաժամի մասին, ազդել է կոնգրեսականների տրամադրության վրա, դրա համար չեն հրավիրել նիստի:
-Ես չգիտեմ, չեմ կարծում, հույս ունեմ, որ դա տեխնիկական խնդիր է: Բայց զարմանալի է. արդյո՞ք իմ դիրքորոշումները հայտնելու համար կարող են իրենք իրենց նման բան թույլ տալ:
-Իսկ Դուք ՀԱԿ-ում տիրող «ճգնաժամի» մասին տեղեկացրե՞լ եք անձամբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
-Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտավորապես մեկ տարի է՝ քաղխորհրդի նիստերին չի եկել, ես էլ երբեք փորձ չեմ արել այս մեկ տարվա ընթացքում գնալ, նրա հետ հանդիպել:
-Ինչո՞ւ անձամբ չեք փորձել զրուցել Տեր-Պետրոսյանի հետ, գուցե Ձեր զրույցից հետո Կոնգրեսի փլուզման վտանգը վերանա՞ր:
-Ի՞նչ փլուզում, փլուզում դեռեւս չկա, իհարկե, մի երեք կուսակցություն դուրս եկան, իհարկե, խնդիրներ կան, ճգնաժամ կա, ինչքան էլ ասեն՝ չկա:
-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի այն դիրքորոշմանը, որ ՀԱԿ-ի պահվածքը «մարտի դաշտից փախուստ» է նշանակում:
-Ճշմարտությունը մեկ տեսք ունի, կեղծիքն է տարբեր տեսքի: Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում, իրենց մտահոգությունն են հայտնում, դա բնական է, եւ բոլորը մեկ բանի մասին են խոսում, որը շատ մոտ է ճշմարտությանը: Ես ի՞նչ ասեմ, ուղղակի ավելացնեմ, որ ես ամեն ինչ արել եմ ու էլի ամեն ինչ կանեմ, որ ՀԱԿ-ը չփլուզվի: Այն ժամանակ մեզ ասվեց, որ պառլամենտական ընտրությունները միջանկյալ քայլ է, արդեն 7 մանդատով կգնանք ԱԺ, ներսից կքանդենք: Բայց փոխանակ իշխանությունը քանդեն, Կոնգրեսն են քանդում: Դրանից հետո սխալ ուղղություն վերցրին, որի արդյունքում մենք այսօր թեկնածու չունենք: Շատ տխուր փաստ ունենք, բայց սա վերջը չէ ու մահ չէ: Ուղղակի պետք է հասկանալ խնդիրները, շտկել ու ընդունել պարտությունը: Ի՞նչ անենք, հիմա մենք պարտվել ենք, պատահում է:
-Պետրոս Մակեյանն այս ամենի «մեղավոր» համարում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Դուք ո՞ւմ եք մեղադրում:
-Լեւոն Զուրաբյանի անձի հետ ես շատ քիչ բան եմ կապում, Լեւոն Զուրաբյանն այդքան չկա, որ կարողանար այդ ողջ ծրագիրը տապալել: Կներեք, բայց այդպիսի բան չեմ կարող վերագրել: Տա Աստված, որ մենք բոլորով հասնենք հաջողության:
Հ.Գ. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւս հայտարարել է, որ ՀԱԿ-ի «ճակատագրական» նիստին ներկա չի եղել հուղարկավորության մասնակցելու պատճառով:
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՆԳՐԵՍՆ ԵՆ ՔԱՆԴՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ