ՀՀ Կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հայտնի է՝ այս խորհուրդը ստեղծվեց այս տարվա փետրվարին, ՀՀ Կառավարության որոշմամբ, իսկ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Այսպիսի մի մարմին էլ Տիգրան Սարգսյանն էր իր պաշտոնավարման տարիներին սարքել, բայց փորձը ցույց է տալիս, որ խորհուրդները գալիս-գնում են, իսկ կոռուպցիան Հայաստանում շարունակում է բարգավաճել: Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կանոն, գլխավորում են հենց այն անձինք, ում դեմ իրականում կոչված են գործել այդ տարատեսակ խորհուրդները: Տեսեք, Հովիկ Աբրահամյանը խորհրդի նախագահն է: Բայց նա այն պաշտոնյաներից է, որը վերջին քսան տարիներին բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելով՝ դարձել է միլիոնատեր: Նա պաշտոնապես 2014-ի վերջի դրությամբ հայտարարագրել է 1 միլիոն 800 հազար դոլար եւ 210 մլն դրամ դրամական միջոց: Աբրահամյանի պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ նրա ընտանիքի ունեցվածքը եւս տարեցտարի աճել է: Աբրահամյանների ընտանիքը ներկայումս համարվում է Արարատի մարզի տերնուտիրականը: Խորհրդի անդամների կազմում էլի կան այսպիսի պաշտոնյաներ, բայց ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց տարիներ առաջ՝ պետք է խոշորներից սկսել: Իսկ կոռուպցիան վերածական երեւույթ չէ, այլ կոնկրետ անձերի գործունեության բնորոշում, որոնք այսօր նշված խորհուրդի կազմում են: Այս պայմաններում նրանք ում դեմ եւ ինչպես պետք է պայքարեն:
Երեկ խորհրդարանում պատգամավորներին պետք է ներկայացվեր հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մտնելով ու տեսնելով մեծաթիվ լրագրողների, պատգամավորների, որոնք անհամբեր սպասում էին իրեն, «շփոթվեց»: Վերջինս անգամ կես ճանապարհից ցանկանում էր հետ գնալ: Նա դանդաղ քայլերով մոտենալով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ փորձեց պարզել, թե «էս ինչ հաշիվա»: «ժողովուրդ»-ը նկատեց, որ Վ. Այվազյանը եւս շփոթված էր, ինչի համար Զախարյանին սենյակից դուրս «տարավ»՝ առանձին զրույցի ուղիղ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակ, որից հետո վերադարձան, եւ Զախարյանը սկսեց ընթերցել իր զեկույցը: Երեկվա հաղորդման ընթացքում «Նաիրիտ»-ի խնդրի հետ կապված որեւէ հարցի կոնկրետ պատասխան չհնչեց:
Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է: Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով եւ ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը: Ահա թե ինչպես են օտար բանկերը թալանում ՀՀ քաղաքացիներին. ՎՏԲ-ն նաեւ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Թալգրիգի»:
Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել եւ արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր: Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր եւ տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է շարունակվել: Իհարկե, առաջիկա օրերին կպարզվի, թե իրադարձություններն ինչ սցենարով կզարգանան` ՌԴ կենտրոնական բանկին կհաջողվի՞ իրավիճակը կայունացնել, թե՞ անցած տարվա վերջի պես տեղի կունենա ռուբլու քաոսային արժեզրկում: Բայց ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի ՀՀ ԿԲ-ն պատրաստ լինի իրադարձությունների վատագույն զարգացման հնարավոր սցենարին, եւ բացառվի հայկական դրամի կտրուկ ու անվերահսկելի արժեզրկումը, ինչպես անցած տարվա դեկտեմբերին: Ի դեպ, այդ արժեզրկման արդյունքում Հայաստանի տնտեսությունում քաոսային վիճակ էր ստեղծվել:
ՀՀԿ-ԻՑ` ՔԿՀ
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ձերբակալմանը եւ այն հարցին, թե արդյոք կատարվածից հետո Սուրիկ Խաչատրյանը պարտավոր չէ հրաժարական տալ, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն «Ազատությանն» ասել է.«Հո չի կարող ինքն ամեն անգամ հրաժարական տալ»:
Կարելի է չկասկածել, որ հանրապետական պատգամավորի տարակուսանքը միանգամայն անկեղծ է, մանավանդ որ նա ունի իր հիմնավորումը.«Նախկինում գործը կապված էր իր հետ, իր անվան հետ, մարդը գտնվեց բարոյական. հրաժարական տվեց։ Հիմա գործը կապված է որդու հետ։ Որդին՝ չափահաս… Ինքը հո ամեն անգամ չի կարող որեւէ մի դեպքից հետո հրաժարական տալ»,- կարծում է Այվազյանը:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորի համար միանգամայն օրինաչափ է այն, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` մի ողջ մարզի ղեկավարի մոտ «ամեն անգամ դեպքեր» կարող են արձանագրվել: Նրա, ինչպես եւ, թերեւս, ՀՀԿ-ականների մեծամասնության մոտ հարց չի առաջանում, թե ինչու են, առհասարակ, այդպիսի մարդկանց նշանակում նման պաշտոնների: Բնականաբար, ՀՀԿ-ականները շատ լավ գիտեն իրենց ղեկավարի` Սերժ Սարգսյանի խոսքերի իրական արժեքը եւ ամենեւին լուրջ չեն ընդունել նրա այն հայտարարությունները, թե հանրապետական լինելը նախ եւ առաջ պատասխանատվություն է, եւ յուրաքանչյուր հանրապետական պատասխանատու է նաեւ իր մերձավորների արարքների համար: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ խոսքերը ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա՝ չափից ավելի ռոմանտիկ ճառագրի մտքի արգասիքն են, իսկ ինքը` Սերժ Սարգսյանը, ոչ միայն որեւէ կապ չունի այդպիսի մտածողության հետ, այլեւ գործնականում պարբերաբար ի ցույց է դնում իր` տրամագծորեն հակառակ դիրքորոշումը. այն է` հանրապետական լինելը նախ եւ առաջ անպատժելիության իրավունք է:
Վերադառնալով Սուրիկ Խաչատրյանի` վերստին հրաժարական տալու անհրաժեշտությանը՝ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կտա այդ հրաժարականը. մի քայլ, որին նա մեկ անգամ արդեն դիմել է երկու տարի առաջ` սեփական առանձնատան բակում Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ: Հաշվի առնելով դրան հետեւած հանգուցալուծումը` նույն Տիգրան Խաչատրյանին` ինքնապաշտպանության հիմքերով պատասխանատվությունից ազատումը, եւ ապա` Սուրիկ Խաչատրյանի «հաղթական» վերանշանակումը մարզպետի պաշտոնում` կարելի է ասել, որ այս անգամ նույն Տիգրանի անվան հետ կապվող հերթական հանցանքի համար Լիսկայի հրաժարականը պարզապես ցավալի «դեժավյու» է առաջացնելու: Իսկ եթե ավելի լուրջ` նման քրեական անցյալ ու ներկա, քրեածին ընտանիք ունեցող պաշտոնյայից ազատվելու ճիշտ ձեւը ոչ միայն նրա հրաժարականն է, այլեւ նրան այդքան հարազատ` քրեական միջավայր` ՔԿՀ, երկարաժամկետ «գործուղումը»: