ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը մշտապես համարվել է Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներից մեկը, ինչի ապացույցը եղել եւ մնում են ներկա եւ նախկին բարձրաստիճան դատախազների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքները: Իհարկե, դատախազների ունեցվածքը հիմնականում գրանցված է լինում նրանց ազգականների անունով, այնպես, որ այդ ամենը պաշտոնական հայտարարագրումից դուրս լինի:

Մի պահ ենթադրենք, որ դատախազները քնում եւ արթնանում են որոշմամբ, որ այլեւս ազնիվ են աշխատելու, արդյո՞ք Հայաստանի օրենսդրությունը նրանց նման հնարավորություն տալիս է: Մասնավորապես, արդյո՞ք դատախազը կարող է առանց կոռուպցիայի (հատկապես կաշառակերության), միայն իր աշխատավարձով բարեկեցիկ եւ ապահովված ապրել` հոգալով իր ընտանիքի կենցաղային պահանջմունքները: Տվյալ դեպքում առավել կարեւոր է սկսնակ դատախազների վարձատրության հարցը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շարքային դատախազի աշխատավարձի գործակիցը կազմում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի 4,5-ապատիկը: 2015 թվականից բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ դատախազի կեղտոտ` առանց պահումների աշխատավարձը կազմում է 297 հազար 630 դրամ: Ենթադրվում է, որ մինչեւ դատախազ դառնալը երիտասարդ իրավաբանը կհասցնի դատախազի օգնականի կամ քննիչի պաշտոնում, ասենք, հինգ տարվա ստաժ ունենալ: Ըստ այդմ, նրա աշխատավարձը կավելանա եւս 10 տոկոսով` տարին երկու տոկոս հաշվարկով, եւ կկազմի 327 հազար 393 դրամ: Նշված գումարից պահվող եկամտային հարկը կկազմի 97 հազար 669 դրամ: Եթե սկսնակ դատախազը 1974 թվականից հետո ծնված է, այսինքն՝ 41 տարեկանից երիտասարդ է, ապա նա իր աշխատավարձից պետք է վճարի նաեւ կուտակային կենսաթոշակի 5 տոկոսը` 16 հազար 369 դրամ: Ի վերջո, հարկերից եւ պահումներից հետո սկսնակ դատախազի մաքուր աշխատավարձը կկազմի 213 հազար 355 դրամ: Հասկանալի է, չէ՞, որ երիտասարդ դատախազն այդքան գումարով չի կարող իր ընտանիքի կարիքները հոգալ եւ ապահովել բարեկեցության նվազագույն պայմանները:
Ի դեպ, բարձրաստիճան դատախազների աշխատավարձը վերը բերված գումարից ավել է կրկնակի կամ առավելագույնը չորս անգամ՝ հաշվի առնելով նաեւ դասային աստիճանների համար տրվող հավելավճարները: Իրավիճակն ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 793 հազար դրամ:
Այսինքն՝ ներկա պայմաններում, թերեւս, կարելի է բացառել, որ իրավաբանի կրթություն ստացած երիտասարդները կցանկանան դատախազ դառնալ` առանց ետին մտքերի: Երբ նրանք հետաքրքրվեն, թե որքան աշխատավարձ են ստանալու համակարգ մտնելիս, կա՛մ կփոխեն իրենց որոշումը, կա՛մ էլ դատախազ կդառնան` կոռուպցիայով զբաղվելու հստակ նպատակադրվածությամբ:
Իհարկե, Հայաստանում տարածված կարծիք կա, որ դատախազներին եւ դատավորներին տրվող աշխատավարձերն իմաստ չունի բարձրացնել, քանի որ, միեւնույն է, համակարգը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ: Ամբողջությամբ կոռումպացված համակարգի դեպքում աշխատավարձն ընդամենը դառնում է հավելավճար, որը գումարվում է կաշառքներով հավաքված գումարներին: Սակայն եթե այս մտածողությամբ ենք առաջնորդվում, ապա ի սկզբանե բացառում ենք, որ երբեւէ այդ համակարգերում կարող են չկոռումպացված եւ ազնիվ կադրեր աշխատել: Ստացվում է՝ ի սկզբանե բացառում ենք, որ երբեւէ հնարավոր է դատախազության համակարգում անկաշառ որեւէ երիտասարդ ընդունվի աշխատանքի, «աճի», դատախազ դառնա: Եթե Հայաստանի բնակչությունը ցանկանում է երբեւէ ունենալ կոռուպցիայից զերծ դատախազություն, ապա պետք է հասնի այն բանին, որ այդ ոլորտի աշխատակիցները նորմալ վարձատրվեն եւ իրենց ստացած աշխատավարձով կարողանան նորմալ ապրել: Այդ դեպքում, նույնիսկ ներկա կառավարման համակարգի պայմաններում, որտեղ կոռուպցիան է շարժիչ ուժը, ազնիվ կադրեր եւս կարող են համակարգում տեղ գտնել:
Ի դեպ, այս նույն վիճակն է նաեւ իրավապահ մյուս համակարգերում, բայց այդ մասին առաջիկայում՝ հերթով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՇՄԱՅՍԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, թե նախագիծը «հրաշալի» է: Չնայած ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ Սահմանադրության նախագիծը գրվել է ՀՀԿ-ի «հագով», նժդեհականները վստահեցնում են, թե նման բան չկա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»: Մովսիսյանը նախ պատրաստակամություն հայտնեց մեր հարցերին պատասխանել, այնուհետեւ տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադրության նախագծին, հայտարարեց, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում: «Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, իմ ընկերների հետ, ոչ մեկն իրավունք չունի խանգարել, շնորհակալություն»,- վարժ առոգանությամբ ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու անջատեց հեռախոսը:

 

ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Երեկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշում էր իր ծննդյան 55-րդ տարեդարձը: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀԿ կանանց «գունդը» ողջ կազմով խորհրդարանում էր՝ Նաղդալյանին շնորհավորելու համար: Խումբ-խումբ ՀՀԿ կանայք՝ տարբեր նվերներով, ծաղիկներով, շտապում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը համարվում է ՀՀԿ կանաց «առաջնորդ»-ը: Հենց նա է լուծում ՀՀԿ կանանց միջեւ հաճախ ծագող խնդիրները: Տեսակետ կա անգամ, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց շրջանում իր մարդիկ ունի, որոնք անպայման նրան զեկուցում են մյուսների գործողությունների մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Նաղդալյանից մեկնաբանություններ ստանալ նրա առաջնորդական կերպարին առնչվող հարցերի մասով, սակայն նրա հեռախոսը անջատված էր:

 

ՏԵՂԱԿԱՆ ԵՐԵՍԱՌԱԾՆԵՐԸ
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից ահազանգեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու պատմեց, որ փորձանքի մեջ է ընկել: Պարզվում է՝ նա որդու հետ կարտոֆիլի դաշտը ջրելուց հետո հոգնած ու մի թեթեւ էլ գինովցած մտել է խանութ՝ առեւտուր անելու, նրա հետեւից մտել է մեկը եւ արտահերթ փորձել գնումներ անել: Քաղաքացին զգուշացրել է, որ իր հերթն է, եւ այդ զգուշացումը ճակատագրական է եղել: Անմիջապես դուրս են հանել նրան խանութից, հենց դիմացը ծեծի ենթարկել, ապա բռնությամբ տարել ոստիկանության Վարդենիսի բաժին: Ըստ ամենայնի, քաղաքացուն ծեծողը ոստիկան է եղել, եւ դա դեռ քիչ է, մինչ ուշ գիշեր նրան ու որդուն անհասկանալի կարգավիճակով պահել են ոստիկանության բաժնում, խմածության տեստ անցկացրել եւ այլն: Ստացվում է, որ մարդուն կարող են խանութում սադրել, ծեծել, տանել բաժին ու մի բան էլ գործ սարքել նրա գլխին: Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր վաղվա համարում:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգեւոր Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում եւս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ հասնելու հայության, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի հայերի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը»:

 

ՇՈԳԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով: «Երեւան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետեւել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որեւէ շեղում: Հանձնարարվել է նաեւ ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը Վանաձորից հետո երեկ այցելել է Գյումրի, որտեղ, սակայն, նրանց երթին միացել են ընդամենը մի քանի հոգի:
Նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասել է, թե իրենց չի հիասթափեցնի այն, որ մարդիկ քիչ են, միեւնույն է՝ իրենք պատրաստ են մինչեւ վերջ գնալ: Այսօր նախաձեռնության անդամները կլինեն Թալինում, որտեղ կանցկացնեն երթ, ապա կայցելեն Աշտարակ եւ կվերադառնան Երեւան:




Լրահոս