«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանքի տակ պահելու համար իրեն որեւէ մեկը չի զանգահարել:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց բավարարել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, երկամսյա կալանքի տակ պահել: Եւ այդ որոշման «ծանր բեռը» դրվեց երիտասարդ Արթուր Ստեփանյանի վրա, որն ընդամենը 7 ամիս առաջ է նշանակվել դատավոր:
«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, որպես Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ մտավախություններ չունե՞ք, որ Ձեր նախագահությամբ գործող դատարանի նորանշանակ դատավորը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորեց:
-Դուք գիտեք կոնկրետ՝ Արաբկիր դատարանը օրական քանի կալանքի հարց է քննարկում, եւ սա էլ հերթական միջնորդություններից մեկն է եղել, որ քննարկվել է:
-Այս դեպքը հերթականը չի կարող համարվել, սա բավականին աղմկալի գործ է, եւ գործում Սուրիկ Խաչատրյանի որդին է:
-Հո Սուրիկ Խաչատրյանի հարցը չենք քննարկել, տարբեր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող անձի կալանքի հարցն է քննարկվել: Կարող է Ձեր լրատվամիջոցների համար է սա յուրահատուկ թվում:
-Մարզպետի որդու պաշտպանը դատարանից մեկ օր ժամանակ էր խնդրել, որպեսզի իր պաշտպանյալի անմեղությունը ապացուցող փաստեր ներկայացներ, սակայն այն մերժվեց դատավորի կողմից: Դրանից հետո Տիգրանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտարարեց, որ ակնհայտ միտում կա դատարանի որոշման մեջ: Ըստ նրա՝ ինչ-որ մեկին պետք է «հրատապ կալանավորել» Տիգրան Խաչատրյանին:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ դատարանը, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, խափանման միջոց կալանքի հարցը քննարկում է անհապաղ, ոչ ուշ, քան նույն օրը:
-Իսկ ինչպես որոշվեց, որ այս աղմկալի կալանքի հարցը պետք է քննի 7 ամիս առաջ նշանակված դատավորը՝ Արթուր Ստեփանյանը, որը փորձառու չէ:
-Դատարանի նախագահն է որոշում:
-Ինչո՞ւ կանգ առաք հենց այս դատավորի վրա:
-Երեկ չեմ որոշել, դատարանի նախագահի կողմից երկու ամիսը մեկ սահմանվում է դատավորների միջդատավարական վարույթին ներգրավվելու հարցը եւ այդ օրը, ըստ իմ կողմից տրված հրամանի, Արթուր Ստեփանյանի օրն էր:
-Ձեր այս որոշումը միգուցե նորանշանակ դատավորի համար ճակատագրական լինի, ի վերջո, նա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն է կալանքի տակ պահել. գիտե՞ք՝ Սյունիքում ինչեր են պատմում մարզպետի մասին:
-Չեմ հասկանում Ձեր հարցը, ինչով կարող էր դատավորի համար մինչդատավարական վարույթի միջնորդության հարցը ճակատագրական լինել:
-Սուրիկ Խաչատրյանը իշխանությունների, Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող մարզպետ է, սա բավական չէ՞:
-Ինձ կներեք, որպես դատավոր չեմ հասկանում Ձեր հարցերի իմաստը: Հիմա ես ե՛ւ դատավոր եմ, ե՛ւ դատարանի նախագահ, ուստի նույն միջնորդությունը կարող էի ես քննարկել, եթե իմ օրը լիներ: Չեմ հասկանում Ձեր հարցը:
-Հասկանալու բարդություն թերեւս չկա. ընդամենը փորձում ենք պարզել՝ դատարանին հեռախոսազանգ, միջնորդություն եղե՞լ է Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու հարցով:
-Կոնկրետ ինձ որեւէ զանգ չի եղել:
-Իսկ եթե լիներ զանգ՝ չկալանավորելու մասին, նույն համարձակությամբ որոշում կկայացնեի՞ք:
-Չէր կարող լինել, քանի որ մեզ զանգեր չեն լինում միջդատական վարույթում կամ, առհասարակ, քրեական, քաղաքացիական գործ քննելուց:
ՈՐՏԵՂ Է «ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐ ՄԱՆԴԱՏԸ
Նախկին կարկառուն ՕԵԿ-ական, ավելի ուշ Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությանը» անդամագրված, իսկ այժմ էլ ՀՀԿ-ում հանգրվանած ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 9-ին «Մայքրոսոֆթ» կորպորացիան դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով, որ դադարեցնի հեղինակային իրավունքի խախտումը եւ խախտված իրավունքի դիմաց փոխհատուցում տրամադրի: Ինչպես է ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունը խախտել հայտնի ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հեղինակային իրավունքը, պարզ կլինի դատական վճռի ավարտից հետո: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել միայն, որ խախտված հեղինակային իրավունքի համար «Մայքրոսոֆթ» կորպորացիան ինչքան գումար է «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից որպես փոխհատուցում պահանջել: Տեղեկացանք, որ պահանջվող գումարի չափը կազմում է շուրջ 8 միլիոն դրամ: Նկատենք, եթե մեկ տարի առաջ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության էին «քցել», եւ նա ընկել էր դատարանի դռներն իր գումարները պահանջելու խնդրով, հիմա էլ պատգամավորին պատկանող ընկերությունն է իր գործունեությամբ այլ ընկերությունների իրավունքները ոտնահարել: Թե ինչ հանգուցալուծում կունենա այս դատական վեճը, ցույց կտա ժամանակը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2014թ գրել էր, որ ՀՀԿ-ական օլիգարխին «քցել» էին, եւ վերջինս դատարանների միջոցով էր փորձում հետ ստանալ իր գումարները, սակայն առայժմ ապարդյուն: Բանն այն է, որ Արտակ Սարգսանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում էր գանձել 2 միլիոն 200 հազար դրամ:
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նրա օգնական, ապա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող, իսկ այժմ էլ Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի հովանավորությունը վայելող Արտակ Սարգսյանի ընկերությունը հաճախակի է հայտնվում ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:
2015թ հուլիսի 23-ին գրել էինք, որ «Բալդի» կոշիկի եւ աքսեսուարների խանութ-սրահը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին, տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Պարզել էինք, որ «Բալդի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը հայտարարագրման ժամանակ սխալ տվյալներ է ներկայացրել: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ թույլ տված խախտման համար որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել «Բալդի» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանին` 50 հազար դրամի չափով:
Մի խոսքով, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը մշտապես օրենքի հետ խնդիրներ ունի: Ու քանի որ նա ԱԺ-ում երբեւէ բերանից անգամ գոլորշի չի արտաբերել, ուստի կարելի է կռահել, թե ԱԺ պատգամավորի մանդատը նրան որտեղ է պետք գալիս: Օրենքի հետ մշտապես խնդիրներ ունեցող գործարարը թերեւս իր պատգամավորական մանդատն օգտագործում է՝ բիզնես հարցերը կարգավորելու համար եւ ոչ ավելին:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանի բնակիչ Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույի) կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիմնավորվել է, որ Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
ՀՀ ՊՆ-Ն` ԱՄՆ-ՈՒՄ
Հուլիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նախօրեին ՄԱԿ կենտրոնակայանում կայացել է պատվիրակության ղեկավարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության եւ անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ Ահամեդ Մոհամմեդի հետ:
ՊՆ պատվիրակությունը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում կմասնակցի հայ-ամերիկյան հերթական պաշտպանական խորհրդակցություններին եւ երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, Պետդեպարտամենտի եւ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:
ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ` ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ
Վերնիսաժի տարածքում բացվել է սիրիահայերի շուկա, որտեղ ներկայացված են սիրիահայերի ձեռքի աշխատանքները՝ արծաթից, գորգից մինչեւ օճառ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առեւտրով զբաղվողները նշել են, որ հույս ունեն շուկայի միջոցով մեղմել իրենց ֆինանսական խնդիրները եւ կայուն հաստատվել հայրենիքում: Շուկան չի գործի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Սիրիահայերը նաեւ հայտնել են, որ իրենք համապատասխան ներդրումներ են հայթայթել տարածքի բարելավման, ընդլայնման համար, սակայն Վերնիսաժի տնօրինությունը թույլ չի տալիս աշխատանքներ կատարել։ «Հիմա բանակցում ենք այդ ուղղությամբ, շատ լավ կլինի, որ բարեկարգված լինի»,- ասել են նրանք: