Ինչպես տեղեկացրել էինք, «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա «Ժողովուրդ»-ի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին պատասխանել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Լրագրողը պահանջում է ներողություն խնդրել վիրավորելու համար:
ՀԱՐՑ . Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը եւ, առհասարակ, Ձեր կարծիքով, ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավում եմ, որ նման բան է եղել, եւ լավ է, որ դատի եք տվել. գոնե այս պրոցեսը զսպի հետագայում գործարարներին, որ նման վարք չդրսեւորեն: Լրագրողը իր աշխատանքն է արել, եւ եթե գործարարին դուր չի եկել հարցը, ապա նա ընդամենը կարող էր չպատասխանել, բայց պիտակավորել եւ վարկաբեկել մարդուն՝ ցածր վարքի հետեւանք է: Կարծում եմ՝ դատարանը կտուգանի գործարարին, ինչը, իհարկե, նրա ֆինանսական կարողությանն այդքան էլ մեծ վնաս չի հասցնի: Լավ կլինի, որ դատարանն այնքան մեծ գումարով տուգանի, որ գործարարը հաջորդ անգամ իրեն հաշիվ տա խոսելուց առաջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, գործարարը պետք է ներողություն խնդրի, որ նման վարք է դրսեւորել: Կարծում եմ՝ դատարանը այս հարցում օբյեկտիվ կլինի: Շատ համարձակ են, ինչը գալիս է անպատժելիության մթնոլորտից: Հանդգնությունն այնտեղ է հասել, որ չեն կարողանում իրենց զսպել, անհարիր արտահայտություններ են թույլ տալիս լրագրողների նկատմամբ: Պատվի եւ արժանապատվության գործեր դատարանում շատ ենք ունեցել, եւ այնքան էլ օբյեկտիվություն չեն ցուցաբերել: Բայց այս դեպքը շատ ակնառու է, եւ դատարանը, կարծում եմ, չի մտնի գնահատման ոլորտ այս դեպքում. այնքան հստակ է, որ վիրավորանքն առկա է: Այսպիսի ակնհայտության պայմաններում դժվար թե ոչ օբյեկտիվ լինեն դատավորները:
փաստաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
շարունակելի