Կարելի է բացառել, որ իրավաբանի կրթություն ստացած երիտասարդները կցանկանան դատախազ դառնալ` առանց ետին մտքերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը մշտապես համարվել է Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներից մեկը, ինչի ապացույցը եղել եւ մնում են ներկա եւ նախկին բարձրաստիճան դատախազների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքները: Իհարկե, դատախազների ունեցվածքը հիմնականում գրանցված է լինում նրանց ազգականների անունով, այնպես, որ այդ ամենը պաշտոնական հայտարարագրումից դուրս լինի:

Մի պահ ենթադրենք, որ դատախազները քնում եւ արթնանում են որոշմամբ, որ այլեւս ազնիվ են աշխատելու, արդյո՞ք Հայաստանի օրենսդրությունը նրանց նման հնարավորություն տալիս է: Մասնավորապես, արդյո՞ք դատախազը կարող է առանց կոռուպցիայի (հատկապես կաշառակերության), միայն իր աշխատավարձով բարեկեցիկ եւ ապահովված ապրել` հոգալով իր ընտանիքի կենցաղային պահանջմունքները: Տվյալ դեպքում առավել կարեւոր է սկսնակ դատախազների վարձատրության հարցը:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շարքային դատախազի աշխատավարձի գործակիցը կազմում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի 4,5-ապատիկը: 2015 թվականից բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ դատախազի կեղտոտ` առանց պահումների աշխատավարձը կազմում է 297 հազար 630 դրամ:

Ենթադրվում է, որ մինչեւ դատախազ դառնալը երիտասարդ իրավաբանը կհասցնի դատախազի օգնականի կամ քննիչի պաշտոնում, ասենք, հինգ տարվա ստաժ ունենալ: Ըստ այդմ, նրա աշխատավարձը կավելանա եւս 10 տոկոսով` տարին երկու տոկոս հաշվարկով, եւ կկազմի 327 հազար 393 դրամ: Նշված գումարից պահվող եկամտային հարկը կկազմի 97 հազար 669 դրամ: Եթե սկսնակ դատախազը 1974 թվականից հետո ծնված է, այսինքն՝ 41 տարեկանից երիտասարդ է, ապա նա իր աշխատավարձից պետք է վճարի նաեւ կուտակային կենսաթոշակի 5 տոկոսը` 16 հազար 369 դրամ: Ի վերջո, հարկերից եւ պահումներից հետո սկսնակ դատախազի մաքուր աշխատավարձը կկազմի 213 հազար 355 դրամ: Հասկանալի է, չէ՞, որ երիտասարդ դատախազն այդքան գումարով չի կարող իր ընտանիքի կարիքները հոգալ եւ ապահովել բարեկեցության նվազագույն պայմանները:

Ի դեպ, բարձրաստիճան դատախազների աշխատավարձը վերը բերված գումարից ավել է կրկնակի կամ առավելագույնը չորս անգամ՝ հաշվի առնելով նաեւ դասային աստիճանների համար տրվող հավելավճարները: Իրավիճակն ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 793 հազար դրամ:

Այսինքն՝ ներկա պայմաններում, թերեւս, կարելի է բացառել, որ իրավաբանի կրթություն ստացած երիտասարդները կցանկանան դատախազ դառնալ` առանց ետին մտքերի: Երբ նրանք հետաքրքրվեն, թե որքան աշխատավարձ են ստանալու համակարգ մտնելիս, կա՛մ կփոխեն իրենց որոշումը, կա՛մ էլ դատախազ կդառնան` կոռուպցիայով զբաղվելու հստակ նպատակադրվածությամբ:

Իհարկե, Հայաստանում տարածված կարծիք կա, որ դատախազներին եւ դատավորներին տրվող աշխատավարձերն իմաստ չունի բարձրացնել, քանի որ, միեւնույն է, համակարգը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ: Ամբողջությամբ կոռումպացված համակարգի դեպքում աշխատավարձն ընդամենը դառնում է հավելավճար, որը գումարվում է կաշառքներով հավաքված գումարներին: Սակայն եթե այս մտածողությամբ ենք առաջնորդվում, ապա ի սկզբանե բացառում ենք, որ երբեւէ այդ համակարգերում կարող են չկոռումպացված եւ ազնիվ կադրեր աշխատել: Ստացվում է՝ ի սկզբանե բացառում ենք, որ երբեւէ հնարավոր է դատախազության համակարգում անկաշառ որեւէ երիտասարդ ընդունվի աշխատանքի, «աճի», դատախազ դառնա:

Եթե Հայաստանի բնակչությունը ցանկանում է երբեւէ ունենալ կոռուպցիայից զերծ դատախազություն, ապա պետք է հասնի այն բանին, որ այդ ոլորտի աշխատակիցները նորմալ վարձատրվեն եւ իրենց ստացած աշխատավարձով կարողանան նորմալ ապրել: Այդ դեպքում, նույնիսկ ներկա կառավարման համակարգի պայմաններում, որտեղ կոռուպցիան է շարժիչ ուժը, ազնիվ կադրեր եւս կարող են համակարգում տեղ գտնել:

Ի դեպ, այս նույն վիճակն է նաեւ իրավապահ մյուս համակարգերում, բայց այդ մասին առաջիկայում՝ հերթով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս