ՀԱՐՑ. Հաճախակիացել են հանգուցյալների հոգեհանգստյան արարողությունները եկեղեցիներում կազմակերպելու դեպքերը: Կցանկանայի իմանալ՝ դրանք միայն արտոնյալների համար են, թե բոլոր ցանկացողների: Խնդրում եմ բացատրել կարգը եւ վճարման սկզբունքը: Մեր եկեղեցիներում կա՞ն համապատասխան սրահներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցում հանգուցյալին դնելը եւ արարողություն կատարելը հին քրիստոնեական ավանդույթ է: Այն մոռացության էր մատնվել խորհրդային շրջանի 70 տարիների ընթացքում: Այսօր բոլոր քրիստոնեական ավանդույթների վերազարթոնքի հետ մեկտեղ այս գեղեցիկ սովորույթն էլ վերհիշվեց: Երեւանում արտոնված է հանգուցյալ դնել 2` Նորագավիթի Սբ. Գեւորգ եւ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցիներում: Այնտեղ կարելի է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել տվյալ եկեղեցու հոգեւորականների հետ եւ հավուր պատշաճի անցկացնել հոգեհանգստյան արարողությունը: Վճարումը կատարվում է, ինչպես բոլոր պարագաներում. հավատացյալներն իրենք իրենց հոժար կամքով նվիրատվություն են կատարում քահանային իր մատուցած ծառայության համար: Քանի որ հոգեւորականը չունի աշխատավարձ, ապա հավատացյալներն իրենք իրենց նվիրատվություններով հոգում են քահանայի վարձատրության խնդիրը: Ինչո՞ւ միայն այս 2 եկեղեցիներում: Քանի որ մնացյալ եկեղեցիները ավելի ծանրաբեռնված են ծիսական այլ արարողակարգերով: Երբեմն կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից կազմակերպված հուղարկավորությունների պարագայում հատուկ որոշմամբ հոգեհանգիստ անցկացվում է նաեւ Երեւանի Ս. Հովհաննես եկեղեցում: Ըստ իս, եկեղեցիներում հոգեհանգիստ անցկացնելը շատ ավելի պատշաճ է, քան տան մեջ՝ հաշվի առնելով շատ կենցաղային հանգամանքներ: Իսկ ամենակարեւորը՝ եկեղեցում խաղաղությունը եւ հոգու մխիթարությունը ավելի քան զգացնել է տալիս սգակիր մարդկանց: Հարցի ամենանպատակահարմար լուծումը կլինի գերեզմաններին կից հատուկ մատուռներ կառուցելը, ուր հնարավոր կլինի անցկացնել հոգեհանգստյան արարողություններ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկեղեցու ոչ բոլոր սպասավորներն են արարողությունների համար գումար ստանում հավատացյալների հոժար կամքով, եւ քիչ չեն դեպքերը, երբ այդ կամավոր գործընթացն ավելի շատ պահանջ է հիշեցնում: Թերեւս նորություն չէ, որ եկեղեցում նույնպես առկա են կոռուպցիոն դրսեւորումներ: