Մարտի 1-ի քրեական գործով քննիչ, այժմ դատավոր Վաղինակ Մկրտչյանը միլիոնատեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014թ. ներկայացրած հայտարարագրի, անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 34 մլն դրամ, 15 հազ. դոլար եւ 20 հազ. եվրո: Դատավորի վերջին տարվա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 775 հազ. դրամ: Հիշեցնենք, որ Վաղինակ Մկրտչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանի հայրը Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է: Դատավորի կնոջ՝ Գայանե Խաչատրյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 43 մլն դրամ, 85 հազ. դոլար եւ 45 եվրո:

Սակայն ուշագրավն այն է, որ այդքան դրամական միջոց ունեցող տիկնոջ աշխատավարձը ամսական կազմում է ընդամենը 65 հազ. դրամ: Հիշեցնենք, որ Վ. Մկրտչյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություններից հետո: Ի դեպ, նա դատավոր դարձավ Մարտի 1-ի քրեական գործում որպես քննիչ իր «սեւ գործն» անելուց հետո: Հենց Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների եւ Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական եզրակացությունների տակ:




Լրահոս