Պատրաստ չեմ մայրանալու. Անի Պետրոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել. նրան շուտով կտեսնենք նոր, անսպասելի կերպարում: Անին «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից` խոստովանելով, որ արվեստի մարդկանց կյանքը բոլորովին այլ, ոչ սովորական հունով է գնում:

-Անի՛, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսել, հետաքրքիր առաջարկներ չկա՞ն:

-Կա. հանդես եմ գալու 24 մասից բաղկացած նոր սերիալում, որի ռեժիսորը Ժան Նշանյանն է: Մի մասը նկարահանվելու է Հայաստանում, մյուս մասը` ԱՄՆ-ում: Ինչ կերպար ասես` խաղացել էի, բայց այնպիսի կերպար, որով հանդես եմ եկել այդ սերիալում, երբեւէ չէի մարմնավորել, սակայն դեռեւս փակագծերը չեմ բացի: Սերիալը թերեւս այս տարի կցուցադրվի Հայաստանում` հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում, եւ ԱՄՆ-ում:

ani2

-«Խոպանի տեսություն» սիթքոմում Ձեր կերտած կերպարը եւս առանձնահատուկ է. այնտեղ Դուք խաղում եք տարիքով մեծ կնոջ դեր, «հաշտվե՞լ եք» այդ կերպարի հետ:

-Ճիշտն ասած` շատ բարդ է տարիքով մեծ կնոջ դեր խաղալը: Երբ նոր էինք սկսել աշխատել սիթքոմի շրջանակում, ինձ համար այդ հանգամանքն իսկապես տարօրինակ էր: Ինձ թվում է` որքան էլ ջանում եմ այդ դերում տարիքով մեծ երեւալ, չի ստացվում: Ամեն դեպքում, սիրում եմ իմ կերպարը: Ի դեպ, ես երեբեւէ սիթքոմում չէի նկարահանվել, եւ այդ առումով ինձ համար սա նոր բան է, հետաքրքիր փորձ:

big_1349160153_1864395_ts1349160198

-Էկրաններից Ձեզ հաճախ կարելի էր տեսնել համարձակ կնոջ, նաեւ սիրուհու կերպարներում: Չե՞ք հոգնել նման դերերից եւ այն հանգամանքից, որ երբեմն Ձեզ ասոցացնում են Ձեր այդ կերպարների հետ:

-Ձեր ասած դերերը խաղացել եմ հիմնականում կոմերցիոն ֆիլմերում: Երեւի ռեժիսորների ընտրությունը կանգ է առնում ինձ վրա նաեւ իմ արտաքին տվյալների պատճառով, որոնք համապատասխանում են ընդունված որոշակի չափանիշների: Սակայն ես իմ կարիերայի ընթացքում այնքան շատ դերեր եմ խաղացել` կույս աղջկանից մինչեւ Ձեր ասած համարձակ կերպարներ…

Այնպես չէ, որ միայն համարձակ դերերում եմ հանդես եկել: Իսկ, առհասարակ, ինձ կերպարիս հետ ասոցացնելու դեպքեր շատ են եղել: Օրինակ` երբ խաղում էի «Ու՞ր է իմ տղամարդը» սերիալում, կային մարդիկ, որոնք մոտենում էին ինձ, ասում էին` հերիք չեղա՞վ էդ Սուրենին տանջես, ամուսնացեք, պրծեք: Զայրանում էին ինձ վրա (ծիծաղում է):

3140_anipet

Նշել եք, որ ամենատարբեր բնույթի կերպարներ մարմնավորելու ցանկություն ունեք, եւ, եթե առաջարկներն այդ իմաստով կրկնվում են, մերժում եք: Իսկ ֆինանսական հնարավորությունները Ձեզ թույլ տալի՞ս են այդքան ընտրողաբար վերաբերվել առաջարկներին:

-Ֆինանսական հնարավորությունները` ոչ, քանի որ բոլորս էլ գիտենք, թե այդ առումով մեզ մոտ որքան դժվար է իրավիճակը դերասանի համար: Բայց, օրինակ, վերջերս մերժել եմ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու մի առաջարկ, քանի որ կերպարը դուրս չեկավ, ռեժիսորը` նույնպես, թեեւ ինձ առաջարկում էին կլորիկ գումար: Այսինքն` ես չեմ կարող միայն հանուն փողի աշխատել եւ փորձում եմ պահել այդ սկզբունքը:

-Արվեստի ոլորտի մարդիկ բոլորովին այլ, ոչ ստանդարտ դիրքորոշում ունեն ընտանիք կազմելու, ամուսնանալու հարցի շուրջ: Այս հանգամանքը վտանգավոր չէ՞:

-Արվեստի մարդիկ մի քիչ խելագար են…Հիշում եմ` երբ պետք է ընդունվեի թատերական ինստիտուտ, մորաքույրս ասաց` դու հասկանո՞ւմ ես, որ քո կյանքը բոլորովին այլ, ոչ սովորական հունով է ընթանալու, քանի որ դերասանուհին սովորական մարդ չէ…Դեռ վաղ տարիքից ես գիտակցում էի դա, բայց այժմ էլ հասկանում եմ, որ չեմ կարող ապրել առանց իմ աշխատանքի, հատկապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց թատրոնի:

539853_576924235669980_374408816_n-LN

 

Արվեստը փոխում է մարդու կյանքը, առավել եւս երբ արվեստի մարդը ունենում է, օրինակ, այնպիսի վարպետ, ինչպիսին Վահե Շահվերդյանն է: Նա այնքան է մեր մեջ արվեստ ներարկել, որ փոխել է բոլորիս կյանքը: Քո հոգեկերտվածքը փոխվում է` անկախ քեզնից, ապրում ես քո կյանքն այնպես, ինչպես քո հոգին է թելադրում:

-Իսկ մայրանալու ցանկություն դեռ չունե՞ք:

-Անկեղծ ասած` շատ եմ սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չեմ մայրանալու: Շատերն ասում են` դե, գոնե պետք է երեխա ունենալ եւ այլն… Բայց չէ՞ որ կան կանայք, որոնք ամուսնացել են, երեխա ունեն, բայց էլի միայնակ են… Կարծում եմ, որ ընտանիք կազմելը, երեխա ունենալը պարտադրաբար հնարավոր չէ, եթե լինելու լինի, ինքն իրեն կլինի: Ամեն բան թող ճիշտ ժամանակին լինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս