Միջպետական մայրուղուց դեպի Սևան քաղաք տանող ճանապարհն արդեն մեկ շաբաթ ակտիվ հիմնանորոգման փուլում է: Ճանապարհահատվածի սկզբնամասում դրված ցուցանակը տեղեկացնում է, որ հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրով»:
Ճանապարհաշինական խոշոր այս ծրագիրը բաղկացած է երկու ճանապարհահատվածից։ Առաջինը Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհին միացող հատվածն է՝ 1,1 կմ երկարությամբ: Երկրորդը Սևան – Վարսեր-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհն է՝ շուրջ 2,5կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 475մլն դրամ:
12-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատող «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության շինարարները 3,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 1,1կմ հատվածում արդեն ավարտել են ասֆալտի հին շերտի հեռացման, հողային պաստառի վերականգնման աշխատանքները և այժմ փռում են ավազակոպճային շերտը:
Իսկ որպեսզի հիմնանորոգումից հետո ճանապարհահատվածի երկարակեցությունն ապահովվի՝ կկիրառվի ճանապարհաշինական նորագույն տեխնոլոգիա՝ գեոգրիտե ցանցավոր ծածկ, ինչի շնորհիվ ասֆալտի վրա ճաքեր չեն առաջանա։
Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանը նշում է, որ թե՛ բանվորական ուժի և թե՛ մեքենամեխանիզմների բավարար քանակությունը թույլ կտա, որպեսզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն 5 ամսվա ընթացքում, նախատեսված ժամկետից շուտ ավարտվեն:
Նա նկատեց նաև, որ ծրագրի մեկնարկի արդյունքում 2 տասնյակից ավելի աշխատատեղեր են բացվել:
Աշխատանքների որակը ստուգելու համար պարբերաբար շինհրապարակում են լինում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուները:
«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի գնահատմամբ՝ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և հիմնանորոգման արդյունքում կունենանք շատ լավ ճանապարհ:
Կատարված աշխատանքների տեխհսկումն իրականացվում է «Կոկս կոնսալտ» ընկերության կողմից։ Տեխսկիչ Ավետիք Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն օր տեղում կատարվում է աշխատանքների որակի վերահսկողություն, ինչը պետք է համապատասխանի տեխնիկական մասնագրերին:
«Շինարարներն աշխատում են նորմալ, որակով, բարեխիղճ»,- հավաստիացրեց Ա. Մարտիրոսյանը:
Շինաշխատանքների երկրորդ տեղամասում՝ Սևան քաղաքի հրապարակից Վարսեր գյուղ ձգվող ճանապարհահատվածում, վերականգնվում է ջրահեռացման համակարգը, հեռացվում են մայթեզրերի քարերը, որոնք կփոխարինվեն հայրենական արտադրության նոր, բազալտե եզրաքարերով:
Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանին հանդիպեցինք հիմնանորոգվող ճանապարհահատվածում: Նա խոսեց գյուղացիների երազանքի և կառուցվող ճանապարհի ընձեռող հնարավորությունների մասին.
«70-ականներից մինչև օրս չի վերանորոգվել ոչ մի ճանապարհ, իսկ հիմա այս ճանապարհով գյուղը կապվում է Սևան քաղաքի հետ, և գյուղացին իր արտադրած բնամթերքը կարող է տանել քաղաքում վաճառելու»:
Վերակառուցվող ասֆալտապատ ճանապարհը ոչ միայն գյուղը կկապի քաղաքին, այլև Վարսեր համայնքը Սևան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհին: Երբեմն հնչող այն կարծիքին, թե՝ Սևան քաղաքի ճանապարհներն աչքաթող են արվել, Սևանի փոխքաղաքապետ Համլետ Սահակյանը համաձայն չէ: Նա նշեց, որ սա ճանապարհների հիմնանորոգման արդեն երկրորդ մեծամասշտաբ ծրագիրն է քաղաքում:
«2 տարի է՝ բավականին աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեռ անցյալ տարի իրականացվեց Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի ճանապարհի հիմնանորոգումը և հիմա էլ շարունակվում են այս աշխատանքները: Ես ուզում եմ մեր ազգաբնակչության, քաղաքապետարանի, քաղաքապետի, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը, որ Սևան քաղաքը վերջապես մտավ ծրագրերի մեջ»:
Առայժմ խորդուբորդ և փոսառատ այս ճանապարհները շուտով կդառնան ասֆալտապատ և հարթ, իսկ Սևանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը, որոնց քանակն հատկապես ամռանն ավելանում է, կազատվեն ճանապարհային անհարմարություններից: