Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրային հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Հաննին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, ինչպես նաև նախարարության այլ աշխատակիցներ և ԱԳՆ ներկայացուցիչ:

Նախարարը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել դեսպանին զբոսաշրջության և ավիացիայի ոլորտում բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ աջակցության համար: Շեշտել է նաև ՀԲ աջակցությունը տեսչական բարեփոխումների գործում, ինչպես նաև կիսվել Հայաստանում ինովացիոն համակարգի ձևավորման գաղափարներով և դեսպանին փոխանցել «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ թվարկված ոլորտներն ԱՄՆ կառավարության համար ևս գերակա են: Դեսպանը հույս է հայտնել, որ վերոնշյալ հայեցակարգն անդրադառնալու է նաև մտավոր սեփականության պաշտպանության հարցերին, քանի որ վերոնշյալ ոլորտը, մասնավորապես, ապրանքային նշանների գրանցման տեսանկյունից ևս մեծ կարևորություն է ներկայացնում ԱՄՆ գործարարների համար: Դեսպանը հույս է հայտնել, որ հարցը կներառվի ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերին նախատեսված հանդիպման ընթացքում:

Նախարար Ճշմարիտյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի առկայության անհրաժեշտությունը` հաշվի առնելով, մասնավորապես, ՏՏ ոլորտի կազմակերպություններից ազդակները:

Հանդիպման ընթացքում դեսպան Միլսը ասել է. «Շնորհավորում եմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն (ԱՃԹՆ) անդամակցելու ձեր պատրաստակամության համար: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը թեկնածու-երկիր դառնալու համար: Հուսով ենք, որ ԱՃԹՆ-ն կդառնա Հայաստանի տնտեսության կայուն և թափանցիկ զարգացման մեխանիզմ»:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և Բեռլինի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կայանալիք «Միջազգային բիզնես և ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» խորագիրը կրող «Հայաստան. տնտեսական համաժողով 2015» միջոցառմանն առնչվող հարցեր:




Լրահոս