
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի ,թոշակներիե գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան: Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլեւս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին: Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տեւելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած”:
Փաստաբանը նշեց, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. “Այլեւս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի”:
Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել յուրացման եւ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով, քանի որ պետբյուջեից թոշակների ու նպաստների համար հատկացված գումարները չէր բաժանել հասցեատերերին: