Քննչական կորպուսի վերապատրաստման դասընթացները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ամրապնդելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը, շարունակում է վերապատրաստման, ուսուցողական դասընթացներ անցկացնել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:

Այսօր կազմակերպված դասընթացի շրջանակներում հիշյալ կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Արսեն Ազիզյանը ներկայացրեց զարդերի կեղծման հիմնական ձևերը, ճշգրտվեց փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, քննարկվեցին մետաղագիտական փորձաքննության առանձնահատկությունները, կիրառվող հետազոտությունների տեսակներն ու մեթոդները և մի շարք այլ հարցեր:

Առանձին անդրադարձ կատարվեց ճանապարհատրանսպորտային պատահարների՝ վրաերթերի հանգամանքների քննության ընթացքում նշանակվող նյութագիտական ոլորտի մի շարք փորձաքննությունների մեթոդիկաներին և դրանցով պայմանավորված առանձնահատկություններին:

Մասնագիտական փորձը փոխանցելով՝ Արսեն Ազիզյանը քննչական կորպուսի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց նաև պաշտոնատար անձանց կողմից դրամական կաշառք ստանալու փաստը հաստատելու վերաբերյալ նշանակվող փորձաքննություններին: Այդ համատեքստում մանրամասն ներկայացվեցին կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների, հագուստի ու մարդու ձեռքերի վրա լյումինաֆոր տեսակի նյութի հետքերի հայտնաբերման ու դրա նույնացման նպատակով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները:




Լրահոս