168 ժամ. Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցել է նաեվ Վարդան Ղուկասյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“168 ժամ”-ի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի քաղաքապետը չի մեկնել Մոսկվա, քանի որ այդ օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով և “օրենքով գող” դառնալու ցանկությամբ: Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել՝ բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Ի դեպ, թերթի խմբագրությունը երեկ ոմն Արմինե Ղազարյանից էլեկտրոնային նամակ է ստացել, որում հայտնվում է, թե նամակի հեղինակը ,շատ ստույգ տեղեկատվությունե ունի այն մասին, որ Սպարտակ Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ: Ըստ նույն աղբյուրի, Սպարտակի հետ է եղել նաև Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Նշենք, որ մեկնաբանելով Սպարտակ Ղուկասյանի՝ Փարիզ մեկնելու մասին տեղեկատվությունը, Գյումրիի նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն ասել է. “Մարդ է, իրա համար մեկնել է երևի, իրավունք չունի՞: Իսկ ինչի՞ համար եք հետաքրքրվում: Ես տեղյակ չեմ, դուք ավելի լավ եք տեղեկացված: Մարդը գնացել է, էս քաղաքում ավելի շատ հետաքրքիր խնդիրներ կան, որ կարելի է լուսաբանել, ինչո՞ւ եք սևեռվել էդ ընտանիքի անդամների վրա”:




Լրահոս