Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքն ու Սահմանադրության նոր նախագիծը շատ լավ հիմք են երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահմանադրության նախագծի վերաբերյալ նման գնահատական են տվել Վենետիկի հանձնաժողովի մասնագետները: Նախնական գնահատականում ողջունելով նախագիծը՝ հանձնաժողովի մասնագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել` փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ:
Շուրջ 30 էջանոց փաստաթղթում ՎՀը տարատեսակ առաջարկություններ է ներկայացանում Ազգային ժողովի, խմբակցությունների գործունեության, պատգամավորների մանդատի եւ այլ հարցերի առնչությամբ:
«Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար:
Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունն այս կարևոր բարեփոխումների հարցում», նշված է ՎՀ եզրակացության մեջ: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, ստեղծվել է 1990 թվականին, կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից:
Եզրակացության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: