ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցեցին կենսաբազմազանության մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող և հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:
Ծրագրի շարունակական զարգացման արդյունքում 2015թ.-ին ընդլայնվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքը` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների աշխատանքի համար առկա տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով և բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման արդյունքում, ի թիվս նախկինում հաշվառված կենդանիների, տարածքում հայտնաբերվել են մի շարք այլ վտանգված տեսակներ. հայկական իժ, անտառային կատու, սապսան և այլն (բոլորը՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ):
Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը, որոշելու վերջինների շարժի հետագիծը, նախընտրելի տեղանքը: GIS քարտեզները կենսաբազմազանության մանրամասն վերլուծության խիստ կարևոր գործիք են և աշխարհում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:
Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի բնակիչներ:
Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեկնարկող ևս մեկ երկարաժամկետ լայնածավալ ծրագրի մեկնարկը։ Վտանգված կենդանատեսակների վերարտադրման և բնություն ետվերադարձի ծրագիրը կիրականացվի հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ։
«Ուրցաձորի էկոկրթական կենտրոնն անչափ կարևոր գործառույթ է իրականացնում այս տարածաշրջանում` կենսաբազմազանության պահպանման և վերահսկման տեսանկյունից: Գոհունակությամբ ենք կենտրոնին հանձնում շրջակայքն առավել արդյունավետ կերպով հսկելու համար անհրաժեշտ այս սարքավորումները և անհամբերությամբ սպասում ենք դրանց միջոցով բացահայտված` բնության գաղտնիքներին ծանոթանալուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: