ՏԱՏԱՆՎՈՒՄ ԷԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՈՒ ԴԵՐԱՍԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ ավարտել է Թատերական ինստիտուտը` Վահե Շախվերդյանի կուրսը, առաջին կուրսից խաղացել է Սունդուկյանի անվան թատրոնում: Ուսանողական տարիներից ներգրավված է եղել նաեւ սերիալներում: Խաղացել է “Դիմակահանդես”, “Եզրագծից այն կողմ”, “Եռաչափ սեր” սերիալներում…
-Կարծիք կա, որ դերասանները թատրոնից սերիալ են գնում մի քանի պատճառներով` արագ հայտնի դառնալու հնարավորություն, գումար… Ո՞րն է Ձեր տարբերակը:
-Երկուսն էլ: Սերիալում նույնպես կա արվեստի ճյուղ, բնականաբար, գումարն ավելի շատ է, բայց պետք է կարողանաս համատեղել: Թատրոնում քո կարիերան է, իսկ սերիալում դու գումար ես վաստակում: Մհեր Մկրտչյանը՝ մեր մեծ վարպետը, հանճարեղ բան է ասել. “Թատրոնն իմ կինն է, իսկ ֆիլմը` սիրուհին”: Նույնիսկ մայրս է արդեն կատակում: Մի օր հարցրեց՝ երբ տուն կգաս, ասացի՝ թատրոն եմ գնում, ասաց. “Դե դու երկու մամա ունես, մեկը ես եմ, մյուսը` թատրոնըե: Ես սիրահարված եմ թատրոնին ու եթե ես ազատ ժամանակ ունեմ, ուրեմն թատրոնում եմ: Թատրոնում ինձ շատ հանգիստ եմ զգում:
-Իսկ սերիալում նկարահանվելը Ձեզ հաճույք պատճառո՞ւմ է, թե՞ դա պարտականություն եք համարում:
-Իհարկե, պարտականություն չէ, ես ոչ մի բան պարտավորված չեմ անում: Վստահ եմ, որ սերիալները կտանեն նրան, որ արդեն շատ ավելի որակով կլինեն` նման գեղարվեստական ֆիլմերին: Ես շատ մեծ հաճույքով ու նվիրվածությամբ եմ նկարվում, չեմ վերաբերում միայն որպես աշխատանքի:
-Նշեցիք, որ ժամանակի ընթացքում սերիալների որակը կլավանա, բայց Ձեր կոլեգաներից շատերը պնդում են, որ գնալով դրանց որակը վատանում է: Դուք լավատե՞ս եք, թե՞ նրանք են հոռետես:
-Չեմ ուզում վիրավորել իմ կոլեգաներին, մանավանդ ավագ, բայց կասեմ, որ մենք լավատես ենք, ավելին ասեմ` արդյունքը մենք տեսնում ենք: Եթե հետ ենք նայում 3-4 տարի առաջվա սերիալին, շատ ավելի վատ էր, քան հիմա: Համոզված եմ, որ 2-3 տարի հետո շատ ավելի լավ կլինի, գեղարվեստական ֆիլմերն էլ շատ կլինեն: 
-Հեռուստադիտողը, սովորաբար, կերպարը նույնացնում է դերասանի անձի հետ: Երբ Ձեզ տեսնում են դրսում, կերպարի անունո՞վ են կոչում:
-Պատահում է, որ կերպարի անունով են կոչում, բայց ինձ համար շատ ավելի մեծ երջանկություն կլինի, եթե իմանան ինձ որպես Գնել: 
-Արտաքինը որեւէ կերպ օգնո՞ւմ է դեր ստանալու հարցում:
-Կարծում եմ՝ այո՛, բայց լինում են նաեւ բացառություններ, չնայած իմ արտաքինն ինձ ահագին օգնում է, հիմնականում ես հերոսների դերեր եմ ստանում, թեեւ էնպես չէ, որ բոլոր դերերս պետք է լինեն հերոսական: Մեծ հաճույքով խաղում եմ նաեւ կոմեդիա եւ խարակտերային դերեր:
-Կա՞ն կերպարներ, որոնց մասին երազում եք ու կարծում, որ դրանց ժամանակը դեռ պետք է գա:
-Մի քիչ երես առա նրանից, որ թատրոնում միանգամից լավ դերեր ստացա: Վերջերս էլ “Ջոն արքա”-ի մեջ ստացա Արթուրի դերը: Թող վերամբարձ չհնչի, բայց ուզում եմ Համլետ խաղալ, գիտեմ, որ շատ աշխատանք է պետք դրա համար: 
Ո՞ր դերերից կհրաժարվեք:
-Եթե պրոֆեսիոնալ ես, չպետք է որեւէ դերից հրաժարվես, չպետք է ունենաս կոմպլեքսներ:
-Դրսից աշխատանքի առաջարկներ ունե՞ք:
-Շատ փոքր բաներ եղել են, բայց ռեալ առաջարկներ չկան: Հետո էլ ես չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է թողնեմ իմ Սունդուկյան թատրոնն ու գնամ: Այդ հարցում ես շատ պահպանողական եմ: Թե՛ թատրոնում, թե՛ սերիալում ես աշխատում եմ ամեն ինչ ազնիվ անել, որ բաց ճակատով ներկայանամ, որ ամաչելու բան չունենամ: 
Խրախուսելի է Ձեր սերը թատրոնի հանդեպ, բայց համաձայնե՛ք, որ միայն թատրոնում ստացած աշխատավարձը դերասանին չի տալիս բավականաչափ հնարավորություն` ավելի լավ աշխատելու համար: Այստեղից ենթադրություն, որ եթե չլիներ սերիալի եկամուտը, հավանաբար թատրոնում այդքան էնտուզիազմով չաշխատեիք:
-Ես սկզբից թատրոնում եմ եղել, հետո սերիալում: Բայց ճիշտ բան եք ասում, առանց վաստակելու չես կարող աշխատել: Իմ խոսքից հասկացաք, որ լավատես եմ: Հիմա սերիալներն են շատ, հետո էլ գեղարվեստական ֆիլմերը շատ կլինեն: Ես այս պահին գումարային խնդիրներ չունեմ, փառք Աստծո, ընտանիքս ապահովված է:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Ես մեծ ֆուտբոլասեր եմ ու եթե չդառնայի դերասան, կդառնայի ֆուտբոլիստ, նույնիսկ պարապում էի, բայց երբ եկավ 10-րդ դասարանը, ու պետք է ընտրություն կատարեի, տատանվում է ֆուտբոլիստի ու դերասանի միջեւ. ի վերջո, որոշեցի դերասան դառնալ: 
-Սիրելի աղջիկ, ընկերուհի ունե՞ք:
-Ի՞նչ եք կարծում, իմ անձնականը մարդկանց հետաքրքի՞ր է:
-Հավատացե՛ք, որ պակաս հետաքրքիր չէ, քան մյուս հարցերը: 
-Ընկերուհի, սիրելի աղջիկ չունեմ, բայց ես միշտ սիրում եմ:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս