«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի գործունեությունը, նրա ընտրած պայքարի ձեւը կուսակցական բնույթ չի կրում: Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց կուսակցությունը ո՛չ արգելել է Սանասարյանին պայքարել, ո՛չ էլ նրան «պատվիրել» է:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունում, կարծես թե, արձակուրդային «տրամադրություններ» են, քանի որ այս ժամանակահատվածում կուսակցությունը որեւէ գործունեությամբ չի զբաղվում: Արդյո՞ք ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ կարելի է արձակուրդ գնալ:
-«Ժառանգություն» կուսակցությունում այնպիսի իրավիճակ է, ինչպես միշտ եղել է: Եվ ոչ միայն «ժառանգությունում», մյուս կուսակցություններում եւս նույն իրավիճակն է, ոչ մի տարբերություն: Հիմա քանի որ այս պահի դրությամբ միայն սահմանադրական փոփոխությունների խնդիրը կա, եղան նախնական փոքր կոնսուլտացիաներ, բայց կարծում եմ, որ օգոստոսի կեսից նոր պրոցեսը կսկսի հասունանալ կամ արագանալ: Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում է, իսկ եթե հարցեր ունեք նրան, կարող եք դրանք ուղղել, երբ նրան կտեսնեք:
-Բացի նոր Սահմանադրության նախագծից՝ հանրության համար այսօր առաջնային է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Դեռեւ մեկ ամիս առաջ հանրությունը ակտիվ պայքարում էր թանկացման դեմ, սակայն այսօր ընդամենը մի քանի հոգի են փողոցում, որոնցից մեկը Ձեր կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն է: Խնդրում եմ գնահատեք նրա գործունեությունը այս ժամանակահատվածում, արդյո՞ք նրա պայքարի ձեւը Ձեզ համար ընդունելի է:
-Ես որեւէ գնահատական չեմ տա, ընդամենը իրեն հաջողություն կմաղթեմ, ինչպես ցանկացած որեւէ մեկին: Նշեմ նաեւ, որ կուսակցությունները այդ պայքարին մի փոքր աջակցում էին, այն պահանջները, որոնք կային, մեզ համար ոչ թե ընդունելի չէին, այլ հասկանալի էր, որ դրանք խնդիրների լուծման չեն տանում, պատճառները չեն վերացնում, ընդամենը մի փոքր հետեւանքների մեղմացում է լինելու: Մեզ համար կարեւորը պատճառը վերացնելն էր եւ ոչ թե մի փոքր հետեւանքը մեղմելը: Կուսակցություններն էլ իրենց աջակցությունը ցուցաբերեցին, որը փոքր-ինչ այլ ուղիով ընթացավ, հետո էլ, այսպես ասեմ, կուսակցությունները եկան ելման դիրք:
-Ելման դիրք ընդունելուց հետո Ձեր կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց նոր պայքարի մասին, բայց տեսակետ կա, որ Սանասարյանն իր արարքներով անլրջացնում է այդ ամենը: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դավիթ Սանասարյանի արածը ես չէի ցանկանա մեկնաբանել, միայն այն պարզ պատճառով, որ ինքը մեր կուսակցության անդամ է: «Ժառանգություն»-ը այդ հարցը չի քննարկել, դա Դավիթ Սանասարյանի քաղաքացիական իրավունքների շրջանակներում է, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած պրոցես կարող է սկսել, կարող է ցանկացած պրոցեսի մասնակցել, ինքն էլ այդ շրջանակում է գործում, ու քանի որ կուսակցությունն էլ չի արգելել, ինքը կարող է շատ ազատ, որպես կուսակցական էլ իր գործունեությունն իրականացնել:
-Բայց արդյո՞ք նրա պայքարը չի վարկաբեկում «Ժառանգություն» կուսակցությունը, տեսակետ կա, որ նրա գործունեության պատճառով «տուժում» է նաեւ կուսակցության հեղինակությունը:
-Բացարձակ, ի՞նչ է կուսակցությունով ինչ-որ քա՞յլ է պատրաստվում անել, որ կուսակցությունը վարկաբեկվի:
-Սանասարյանը հայտարարեց, որ հացադուլ է անում, այնուհետեւ նշեց, որ պատրաստվում են նստացույց անել, իսկ մի քանի օր առաջ էլ պատրաստվում էր Երեւանի փողոցները փակել… դա չի վարկաբեկո՞ւմ, երբ Ձեր կուսակիցը չի կարողանում հստակեցնել իր անելիքները: Տեսակետ կա, որ նույն իրավիճակը կուսակցությունում է:
-Նորից եմ կրկնում՝ նրա արածները կուսակցության հետ կապ չունեն, մենք ոչ նրան արգելել ենք եւ ոչ էլ պատվիրակել ենք, որ ինքը դա իրականացնի, դա իր՝ որպես քաղաքացու սահմանադրական իրավունքի մեջ է մտնում, կցանկանա՝ կպայքարի, չի ցանկանա՝ չի պայքարի, կցանակա՝ հացադուլ կանի, չի ցանկանա՝ հացադուլից դուրս կգա: Նստացույց կանի, չի անի, թե ինչպես կբողոքի, դա իր որոշելիքն է: Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ մենք հայտարարենք, թե Դավիթ Սանասարյանը կուսակցության հանձնարարություններն է իրականացնում:
-Նշվում է, որ նույն գործելաոճն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս տարբեր առիթներով հացադուլ էր հայտարարում, ապա արդյունքի չհասնելով՝ որոշում էր այն դադարեցնել:
-Շատ սխալ բաներ են ասում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է առաջ այնքան, որքան հնարավորություն ունեցել է, դա արդեն մանիպուլացիաների դաշտից է, այն անձանց կողմից, ովքեր չեն պայքարում, բայց կցանկանային ուրիշի արյամբ ինչ-որ բաներ ստանալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ