Ոստիկանության թեժ գծով 40 զանգ է ստացվել ընտրությունների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործող “Թեժ գիծ” ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեեւ հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ իրականացված ստուգմամբ պարզվել է, որ “Թեժ գիծ” ծառայություն զանգահարած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 2013 թ. հունվարի 17-ին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո:
Վերջնական ցուցակները հրապարակելիս՝ անճշտությունն ուղղված կլինի:
Երկրորդ զանգով` Անձնագրային եւ վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձի վերաբերյալ, որի տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:
Մահացած անձին ճշտելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Մնացած 38 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:




Լրահոս