Հուլիսի 29-ին Քանաքեռ-Զեյթունում ամուսիններ 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանների սպանության մեջ կասկածվող 44-ամյա Տիգրան Մանուկյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից` հավելելով, որ հիվանդը տեսողական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանուկյանը նման վիճակում է հայտնվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո: Տեսնելով իրեն հայտնաբերած ոստիկաններին` նա կրակել էր իր քունքին: Կրակոցը տղամարդն արձակել էր այն նույն հրազենով, որով, ըստ նախնական տվյալների, կրակել էր ամուսինների վրա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ կրելը):