Որ արժանիքի համար Մանվել Գրիգորյանը Սուրիկ Խաչատրյանի որդուն պարգևատրեց ԵԿՄ հուշամեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ օրերս կալանավորված Տիգրան Խաչատրյանը, վերջերս ԵԿՄ հուշամեդալով է պարգևատրվել: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է:  «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանի հետ: Ի դեպ, վերջինս բարեկամական կապեր ունի Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Տիգրան Խաչատրյանը օրերս պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով, խնդրում եմ ասեք, թե նրա ո՞ր արժանիքի համար է նման հուշամեդալ շնորհվել:

-Քանի որ Տիգրան Խաչատրյանը համարվում է Գորիսի Երիտասարդ երկրապահ կազմակերպության կառույցի ղեկավարը եւ նա այդ ընթացքում, երբ համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է մեծ ակտիվություն եւ շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից արժանացել է հուշամեդալի:

-Այսինքն՝ Տիգրան Խաչատրյանը պարգեւատրվել է լավ գործ կատարելու համա՞ր:

-Ե՛ւ իր ակտիվ գործունեության համար, ե՛ւ մնացած… Երեւանից ինչ միջոցառումներ լինում են, Սյունիքի մարզում, տարածքում, նորմալ, բարձր մակարդակով այդ ամենը կազմակերպելու համար:

-Բայց շատ երկար ժամանակ չէ, որ Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է, ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան աշխատանք կատարել, որից գոհ է անգամ ԵԿՄ նախագահը:

-Ես հիմա թվերով չեմ կարող ասել, թե քանի տարվա անդամ է նա, Սյունիքում, երբ որ ստեղծվել է ԵԿՄ կառույցը, այդ ժամանակվանից Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է եւ շատ լավ է կատարել իր առջեւ դրված խնդիրները, կարողացել է բարձր մակարդակով ամեն ինչ կազմակերպել:

-Իսկ ինչո՞ւ ԵԿՄ-ն հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Տիգրան Խաչատրյանը մշտապես հայտնվում է սկանդալային իրավիճակներում, որոնց արդյունքում մարդիկ են տուժում, նրան արդեն երկու անգամ կալանավորել են: Սյունիքի մարզում նա հայտնի է իր վատ վարքով, դա ԵԿՄ-ի համար կարեւոր չէ՞:

-Ես՝ որպես ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար, կարող եմ ասել, որ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի, շատ դաստիարակված տղա է ինքը, իսկ ինչ վերաբերում է Ձեր մնացած հարցերին, ասեմ, որ քանի դեռ հետաքննություն է ընթանում, ես զերծ կմնամ ինչ-որ գնահատականներ տալուց:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս