Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցները հիմնադրվել են հետխորհրդային շրջանում։ Ներկայումս գործում է հայ ավետարանական չորս կառույց, որոնք միայն հոգևոր-եկեղեցական բնույթի են:
Ռուսաստանում գործող հայ ավետարանական 3 եկեղեցիները գտնվում են Մոսկվայում, Սոչիում և Խոստայում։ Առաջինը Մոսկվայի Հայ ավետարանական եկեղեցին է։ Այն հիմնադրվել է 1993թ.։ Ներկայումս եկեղեցին գլխավորում է վերապատվելի Մասիս Հակոբյանը։ Հայ ավետարանական երկրորդ եկեղեցին Ռուսաստանում հիմնադրվել է 1997թ. Սոչիում, իսկ երրորդը՝ 2001թ. Խոստայում։ Սոչիի և Խոստայի Հայ ավետարանական եկեղեցիների հոգևոր հովիվը միևնույն անձն է՝ վերապատվելի Սասուն Կարախանյանը։ Ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցու պնդմամբ` ավետարանական եկեղեցին համարվում է աղանդավորական կառույց: Միգուցե չանդրադառնայինք Ռուսաստանում ավետարանական եկեղեցու գործունեությանը, եթե մեզ որոշակի տեղեկություններ չհասնեին այնտեղ կատարվող իրադարձությունների մասին:
Եվ այսպես, Սոչիի ավետարանական եկեղեցու առաջնորդ Սասուն Կարախանյանը, արդեն մի քանի տարի է, աղմակահարույց պատմությունների մեջ է գտնվում: Armlur.am-ին հասած հավաստի տեղեկություններով` Սասուն Կարախանյանի որդին` Դավիթ Կարախանյանը, մոտ 2 տարի առաջ Սոչիում մի խումբ անձանց հետ գողություն էր կատարել մի քանի մեծահարուստից, որի համար վերջինս այժմ ազատազրկված է:
Մեզ հասած տեղեկություններով` Դավիթ Կարախանյանը դատապարտվել է ազատազրկման` 6 տարի ժամկետով և այժմ գտնվում է ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի ՔԿՀ-ում: Նշենք, որ դատարանի որոշումն այժմ բողոքարկման փուլում է, և նորից դատական պրոցեսներ են ընթանում:
Կապ հաստատեցինք Սոչիի Հայ ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Սասուն Կարախանյանի հետ, ով նախ հրաժարվեց խոսել` պնդելով, որ դեռ դատարանի որոշում չկա, և ինքը չի ուզում առաջ ընկնել իրադարձություններից: Այնուամենայնիվ, կարողացանք նրանից որոշակի մեկնաբանություն լսել: Ըստ Կարախանյանի` իր որդին միամտորեն է կատարել հանցանքը. «Նրան խնդրեցին օգնել, ինքն էլ շատ բարի է, բոլորին օգնում է, չի մերժել: Դա նրա միամտության արդյունքն էր: Մի քանի խարդախներ նրան գցեցին իրենց թակարդը: Գիտեք, թե իրենք ինչպես են կարողանում մարդանց իրենց թակարդը գցել»:
Հարցին` ինչով պետք է օգներ իր որդին այդ մարդկանց և ինչպես կարելի է միամտորեն հանցանք կատարել, Կարախանյանը պատասխանեց. «Տղայիս խնդրել էին, որ իրենց կողքին լիներ որպես, կարելի է ասել, վկա: Դրանից հետո էլ նրան ևս այս գործի մեջ ներքաշեցին: Եվ դատարանը փորձում էր ավելի ծանրացնել հանցանքը: Եվ գիտեք, դատարանների համար կարևոր չէ, իրենք մեղավոր ճանաչեցին որդուս»:
Ավելորդ չենք համարում նշել, որ Ավետարանական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցու պնդմամբ, համարվում է աղանդավորական կառույց: Մեզ նաև հայտնի դարձավ, որ Ավետարանական եկեղեցում գործում է երկու թև, որից մեկի առաջնորդը վերոնշյալ Սասուն Կարախանյանն է, իսկ մյուսինը` Կարեն Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրի` այս երկու մարդկանց ջրերը մի առվով չեն հոսում, քանի որ Սոչիի եկեղեցում շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես Սասուն Կարախանյանը դարձավ իրենց ավագ հոգևոր հովիվը: Այդ նույն աղբյուրի փոխանցմամբ` ժամանակին Սասուն Կարախանյանը քրեական հեղինակությունների հետ բավականին սերտ շփումների մեջ է եղել, ովքեր էլ իրեն «դարձրել են» Ավետարանական եկեղեցու առաջնորդ: Առնվազն հարց է առաջանում` ինչպես կարող է մարդը, ում որդին է հանցագործություն կատարում, լինել եկեղեցու ավագ հոգևոր հովիվ և եկեղեցական արժանիքների մասին խոսել ու բարոյականություն քարոզել:
Նշենք, որ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան կառույցը ևս ակտիվ գործունեություն է ծավալում` հանդիպումներ նախարարների, նախարարությունների աշխատակիցների հետ, անգամ` մինչև նախագահի մակարդակով հանդիպումներ:
Վերջում ավելացնենք` հետևողական կլինենք դեպքի հետագա մանրամասների, դատական պրոցեսների ներկայացմանը:
Քրիստինա Աղալարյան