Տիգրան Սարգսյանի հռչակած «բաց երկնքի քաղաքականություն»-ը փլուզեց քաղավիացիայի ոլորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական տարբեր ոլորտներ դոմինոյի էֆեկտով մեկը մյուսի հետեւից ոչնչանում են: Եւ այսօր կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի հռչակած «բաց երկնքի քաղաքականություն»-ը պարզապես փլուզեց մեր երկրի քաղավիացիայի ոլորտը, եւ ՀՀ քաղաքացիների մեծ մասը ստիպված են այսօր օգտվել այլ երկրում՝ մասնավորապես Վրաստանում մատուցվող ծառայություններից:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի եւ ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում հռչակվեց բաց երկնքի քաղաքականություն:

Արդեն դեկտեմբերին Տիգրան Սարգսյանը որոշեց ՀՀ Կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նշված ոլորտների նոր միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների վարումը, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցումն իրականացնելու էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգրավելով ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ավիացիայի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների եւ ՀՀ-ում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունը:

Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր քաղավիացիայի ոլորտում, եւ ինչո՞վ են զբաղված նշված կառույցները:

Երբ Հայաստանում գործող «Արմավիա» միակ ազգային ավիափոխադրողը հեռացավ ոլորտից, եւ հայտարարվեց բաց երկնքի քաղաքականություն, մի շարք ավիաընկերություններ մեկը մյուսի հետեւից լքեցին մեր երկիրը: Փորձ արվեց «Արմավիային» փոխարինող հայկական ընկերությանը դաշտ մղել, դա էլ չստացվեց, «Էյր Արմենիան» եւս չդիմացավ մրցակցությանը ու իր չվերթները անորոշ ժամանակով հետաձգել է ու չի կարողանում գործունեությունը վերսկսել:

Եւ այսօր Հայաստանում չկա հայկական գոնե կես ավիափոխադրող ընկերություն, իսկ եղածներն էլ թելադրում են իրենց կանոնները՝ խելքից դուրս գներ սահմանելով ավիատոմսերի համար: Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան ավիատոմսի գինը տատանվում է 800-1000 եվրոյի սահմաններում, իսկ նույն ուղղությունը Թբիլիսիից եռակի անգամ ցածր գին ունի՝ 350-400 եվրո:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա պետական որեւէ մարմին, որն իրավասու է կագավորել ոլորտում առկա խայտառակ պատկերը: Եւ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում էժան ավիատոմսեր ձեռք բերել Վրաստանից ու կտրել շուրջ 250 կմ ճանապարհ՝ հարեւան Թբիլիսիի օդանավակայան հասնելու, էժան չվերթով մեկնելու համար: Գաղտնիք չէ, որ ամառային շոգ օրերին մեր հայրենակիցների զգալի մասը փորձում է իր հանգիստը կազմակերպել արտերկրում, եւ ավելի քան երբեւէ հենց այս սեզոնին են մարդիկ ավիատոմսեր գնելու անհրաժեշտություն ունենում:

Իսկ ինչո՞վ են զբաղված ոլորտի պատասխանատուները. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իր լրատվական ծառայության միջոցով մեզ փոխանցեց, որ համագործակցելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ ակտիվ աշխատանքներ է սկսել:

Ավիաընկերությունների հետ սկսվել են համապատասխան քննարկումներ` վերջիններիս դիրքորոշումը պարզելու նպատակով: Կատարվում է ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագների գնագոյացման ուսումնասիրություն հայկական շուկայի առանձնահատկությունների եւ տնտեսական մի շարք գործոնների համատեքստում:

Թե ինչքան ժամանակ կտեւեն այդ ուսումնասիրությունները, պարզ չէ, բայց հասկանալի է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ ՀՀ քաղաքացու:
Փորձեցինք պարզել, թե ինչով է զբաղված ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ ի դեմս պետ Արտյոմ Մովսիսյանի: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նա հուլիսի 21-ին կազմակերպել է բանակցություններ Իսրայելի Կառավարության պատվիրակության հետ՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Իսրայելի միջեւ ուղեւորահոսքի ավելացմանը: Այսինքն՝ ավիատոմսերի շուկայում առկա այս մեծ «բարդակի» պայմաններում Արտյոմ Մովսիսյանը մտահոգված է բացառապես շաբաթը մեկ անգամ Թելավիվի ուղղութամբ իրականացվող ավիափոխադրումներով: Այլ խնդիր նրա տեսադաշտում ու օրակարգում չկա:

Նկատենք, որ Մովսիսյանը նախորդ ամսվա 10-ին էլ «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի գործունեությունն է դասակարգել որպես միջազգային չափորոշիչներին համապատասխանող եւ վերջ: Ասել է թե՝ Արտյոմ Մովսիսյանն իր աշխատառեժիմը դրել է «ավտոպիլոտ» ծրագրի վրա եւ իներցիայով գնում է առաջ՝ չզգալով ու տեսնելով ոլորտին պատուհասած խնդիրները:

Թե այս պայմաններում ինչպես պետք է քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրները կարգավորվեն, այդպես էլ անհասկանալի է մնում: Գլխավորն այն է, որ Արտյոմ Մովսիսյանի բիզնես գործերն առաջ են գնում: Բայց այդ մասին՝ հաջորդիվ:

Թամարա Միքայելյան




Լրահոս