Հուլիսի 30-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ «ԼՂ hակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով փորձագիտական քննարկումը: «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի ղեկավար եւ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը, խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, մասնավորապես` Իրանի միջուկային համաձայնության, Ադրբեջանը ԵՏՄ անդամ դարձնելու Ռուսաստանի ջանքերի, Հարավային Կովկասում նոր գազամուղերի կառուցման ու Թուրքիայում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների մասին, կարեւորեց Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր զարգացումների, աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների վարած քաղաքականության, այդ ամենի վերաբերյալ գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների ըմբռնումն ու վերագնահատումը:
Նա իր բացման խոսքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ռուսական պարբերականներին տված հարցազրույցներին, հակամարտության կողմերի հետ համանախագահների հանդիպումներին, որոնք բավականին բուռն ռեակցիա առաջացրեցին թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս` որոշ թաքնված շահեր բացահայտելու առումով կատարելով լակմուսի թղթի դեր. Երեւանում ու Ստեփանակերտում ընդվզեցին տարածքներ վերադարձնելու, խաղաղապահ ուժեր տեղակայելու թեզերի դեմ ու ողջունեցին ԼՂ կարգավիճակը որպես կարգավորման փաթեթի մաս որոշելու հայտարարությունը: Բաքվում ճիշտ հակառակ պատկերն էր, իսկ Թեհրանն էլ հայտարարեց, որ իր համար անընդունելի է արտատարածաշրջանային ռազմական ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Ովքե՞ր են շահագրգռված ապակայունացմամբ եւ բանակցությունների վերսկսմամբ, ովքե՞ր եւ ինչո՞ւ են սադրում կարգավորման նախկին բանակցված տարբերակների ու դրանց դետալների նկատմամբ ռեակցիաները հակամարտության կողմերի մոտ ու տարածաշրջանից դուրս, ովքե՞ր են սահմանին լարվածության էսկալացիայով փորձում մեծացնել կողմերի անվստահությունն ու տապալել սպասվող Նյու-Յորքյան հանդիպումը, ո՞րն է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ու ԵԱՀԿ ակտիվացված ջանքերի նպատակը, ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի, Իրանի շուրջ եւ Թուրքիայում սկսված զարգացումները մի կողմից հակամարտության գոտու եւ հայ-ադրբեջանական սահմանի, մյուս կողմից` բանակցային գործընթացի վրա. այս եւ այլ հարցեր պարզելու համար Սաֆարյանը խոսքը փոխանցեց քննարկման բանախոսին:
«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նախ անդրադարձավ Վաշինգտոնում եւ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին, ներկայացրեց ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Շահնազարյանը նշեց, որ վաղ գարնանից սկսած բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ քաղաքական վերլուծաբաններ ինչպես Հայաստանում եւ Ադրբեջանում, այնպես էլ այլ ուժային կենտրոնների մայրաքաղաքներում մտավախություն են հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է սրվել, տեղի ունենա լարվածության էսկալացիա, հնարավոր են նոր բախումներ հայ-ադրբեջանական սահմանին:
Քաղաքական գործիչը նշեց, որ իրավիճակի սրումը ձեռնտու է նախ եւ առաջ Ռուսաստանին, որը ձգտում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել ԼՂ հակամարտության կարգավորումը: Այդ իսկ պատճառով Մոսկվան ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի վրա: Նա նշեց, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն արդեն միասնական դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության ու տարածաշրջանի ապաշրջափակման հարցերում եւ ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում լարվածության էսկալացիա չթույլատրելու համար: Միաժամանակ նա անդրադարձավ նաեւ Վիեննայում Իրանի եւ Վեցյակի միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որից հետո, ըստ բանախոսի, սպասվում է, որ իրանական էներգակիրները կհասնեն Եվրոպա, ինչը չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար: Վերջինս ձգտում է ամեն կերպ խոչընդոտել իրանական նավթի եւ գազի մուտքը Եվրոպա: Շահնազարյանի համոզմամբ` Իրանի նոր դերակատարումը տարածաշրջանում կայունացնող նշանակություն կունենա:
Վերջապես, Շահնազարյանը նկատեց, որ ԼՂ հարցում կշեռքի նժարն այժմ հայկական կողմի օգտին է, ինչի վկայությունն են Վաշինգթոնից արված մի շարք հայտարարությունները: Նրա կանխատեսմամբ` որքան էլ տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը մեծ են, այդուհանդերձ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն լինի. Ադրբեջանի նախագահը քաղաքական կամք չունի ոչ պատերազմի դիմելու, ոչ էլ բանակցություններ վարելու համար: Այդուհանդերձ, նրա կարծիքով պետք է ղարաբաղյան հակամարտության շուրջ նոր բանակցային փուլի սպասել, իսկ միջնորդների հետապնդած նպատակներից հատկապես ընդգծեց երկուսը` հակամարտության գոտում ու սահմանի երկայնքով լարվածություն թույլ չտալն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության ու բանակցությունների վերսկսումը:
Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ Ռուսաստանն այսօր լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, ինչի համար գերտերությունները հետեւողականորեն փորձում են նրան զրկել տարածաշրջանում իր ազդեցության լծակներից: Մեհրաբյանն ընդգծեց, որ այսօր Ռուսաստանին մեկուսացնելու հարցում միջազգային հանրության մոտ կա լայն կոնսոլիդացիա: Դրա համար այժմ մեծ տերություններն իրականացնում են Ռուսաստանի զսպումը, ընդ որում դա կատարում են տարբեր միջոցներով: Մեհրաբյանի դիտարկմամբ` Ռուսաստանին պատժելու քաղաքական ու տնտեսական հարթություններին ավելանում է եւս մեկը` քրեա-իրավականը, որի վրա էլ միջազգային հանրությունը Կրեմլին բացահայտ մեղադրում է տարբեր հանցագործություններ կատարելու մեջ: Նա նաեւ նշեց, որ նավթի գների անկումը լուրջ հարված է հասցնելու Ռուսաստանին, որը կարող է բերել ընդհուպ մինչեւ Պուտինի ռեժիմի տապալմանը: Մեհրաբյանը նույնպես անդրադարձավ Իրան-Արեւմուտք հարաբերությունների բարելավմանը եւ նշեց, որ Ռուսաստանն այդ հարցում նույնպես երկակի խաղ էր խաղում. մի կողմից նա ողջունում էր Իրանի եւ Վեցյակի միջեւ համաձայնությունը, մյուս կողմից էլ Ս-300 հակահրթիռային համակարգ վաճառելով Իրանին` փորձում էր տապալել բանակցային գործընթացը:
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը ներկայացրեց Իրանի պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում: Նա նշեց, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ կողմ` հակամարտություն խաղաղ ճանապարհով լուծելուն: Նա ընդգծեց նաեւ, որ Ղարաբաղյան գործընթացում Իրանի մասնակցությունը սահմանափակ է, եւ այդ խնդրում Իրանը միայն դիտորդի դերում է: Այս համատեքստում նա պատահականություն չհամարեց, որ ԵԱՀԿ-ը միակ կազմակերպությունն է, որին Իրանը չի անդամակցում, եւ բանակցային ձեւաչափի ստեղծումը հենց այդ կառույցի հովանու ներքո լուծել է նաեւ Թեհրանին կարգավորման գործընթացից մեկուսացնելու խնդիրը, երբ վերջինս վաղ 90-ականներին միջնորդելու պատրաստակամություն էր հայտնում: Բեգիջանյանն ուշագրավ զուգահեռներ անցկացրեց երկու իրավիճակների միջեւ, որոնք նրա կարծիքով ունակ են նույն արդյունքն արձանագրել. առաջինը, Իրանի հանդեպ տարիներով կիրառված պատժամիջոցներն էին` նրան ստիպելով գնալ բանակցությունների, որոնց արդյունքը դարձան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունները: Երկրորդ` նմանատիպ իրավիճակ նա համարում է Ադրբեջանի հանդեպ չբարձրաձայնվող պատժամիջոցների (ադրբեջանական նավթի միջազգային գների անկում եւ այլն) հնարավոր ազդեցությունը, որոնք նույն տրամաբանությամբ հնարավոր է նրան եւս դարձնեն բանակցությունների հարցում շահագրգռված` ի տարբերություն ներկայիս կոշտ դիրքորոշման: Նա կարեւորեց հայ-իրանական խոշոր նախագծերի իրականացումը, դրանց թվում` հատկապես Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Բեգիջանյանը նաեւ դիտարկում կատարեց, որ Իրանի ու Արեւմուտքի հարաբերությունների խորացումը վաղ թե ուշ Թուրքիային կստիպի վերադառալ արեւմտյան ուղեծիր, որպեսզի Թեհրանին չզիջի այն դերը, որը նա տասնամյակներով կատարել է Արեւմուտքի համար:
Քննարկման մասնակից «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ տարածաշրջանային վերջին զարգացումները մի կողմից լուրջ մարտահարվերներ են հանդիսանում Հայաստանի համար, սակայն մյուս կողմից էլ դրանք նաեւ նոր հնարավորություններ են բացում մեր երկրի համար, որից պետք է առավելագույնս օգտվել: Նա նկատեց, որ, ցավոք, Հայաստանը ներկայումս ավելի սպասողական դերում է, մինչդեռ պետք է վարել ավելի ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն: Ըստ բանախոսի` եթե Հայաստանը հանդես չգա նոր նախաձեռնություններով, նրա փոխարեն այլ պետությունները դա կանեն: Դիվանագետը նաեւ ուշադրություն հրավիրեց վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած Իրան-Թուրքիա գազամուղի պայթեցման փաստի վրա` նշելով, որ դա Գազպրոմի օգնությամբ կարող էին անել Քրդական բանվորական կուսակցության` PKK-ի մարտիկները: Նա նշեց, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խոչնդոտել իրանական գազի մուտքը Եվրոպա: Կանադայում ՀՀ նախկին դեսպանը նշեց նաեւ, որ այս տարվա առաջին կիսամյակը հղի էր լուրջ վտանգներով, որը կարող է տեւել մինչեւ 2016թ. գարունը: Նրա կարծիքով` չնայած իրավիճակը սրված է հայ-ադրբեջանական սահմանի վրա` սակայն այն չի հանգեցնի լայնածավալ պատերազմի, քանի որ միջազգային շատ լուրջ խաղացողներ թույլ չեն տա պատերազմի վերսկսումը: Պապյանը նաեւ կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն շատ վերլուծաբանների, ինքը փոքր-ինչ թերահավատ է հայ-իրանական երկաթգծի գործարկման հարցում, քանի որ դրա Մեղրի-Քաջարան հատվածի կառուցումը բարձրլեռնային ռելիեֆի պատճառով շատ դժվար է եւ ահռելի ծախսերի հետ է կապված: Այդ իսկ պատճառով նա առաջարկեց դիտարկել Իրան-Հայաստան երկաթգծի այդ հատվածի անցկացումը Նախիջեւանի վրայով, որտեղ արդեն գոյություն ունի գործող երկաթգիծ: Նա նշեց, որ Ադրբեջանին պետք է ներգրավել այդ նախագծի մեջ, եւ եթե վերջինս հրաժարվի դրանից, ապա դա կհանգեցնի այդ նախագծի գործարկմամբ շահագրգռված երկրների եւ Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը ցանկանում է պատերազմ հրահրել տարածաշրջանում եւ ձգտում է փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Նա կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն եզակի հարթակներից է, որտեղ Ռուսաստանը եւ Արեւմուտքը հաջողությամբ համագործակցում են, իսկ նրանց շահերը ինչ-որ ձեւով կամ չափով համընկնում են: Բաղդասարյանը նաեւ նշեց, որ ներկայումս ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի վերսկսմամբ: Նա ներկայացրեց Ադրբեջանում Ալիեւյան ռեժիմի բռնաճնշումներն այն անձանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս երկու հասարակությունների միջեւ փոխըմբռնման հասնելու, խաղաղ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով` դա ավելի է փոքրացնում երկու երկրների միջեւ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունները:
ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Եվրախորհրդի անդամ դառնալիս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց վրա վերցրել են պարտավորություններ, ըստ որոնց իրենց երկրների հասարակություններին պետք է նախապատրաստեն խաղաղության: Սակայն, ըստ քաղաքագետի, Ադրբեջանում մարդաորս է սկսվել նրանց նկատմամբ, ովքեր փորձում են համագործակցել Հայաստանի հանրության ներկայացուցիչների հետ: Հովհաննիսյանը նույնպես համաձայն չէր որոշ բանախոսների արտահայտած այն մտքի հետ, որ Ռուսաստանը փորձում է փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` համաձայնելով Լաուրա Բաղդասարյանի այն դիտարկման հետ, որ այդ եզակի հարթակում Արեւմուտքի ու Ռուսաստանի շահերն ինչ-որ չափով համընկնում են:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ իր խոսքում նշեց, որ ուրվագծվող զարգացումներում Արեւմուտքը չի լքի Հայաստանին, քանի որ մեր երկիրը եվրոպական քաղաքակրթության մի մասն է, հետեւաբար, կորցնել Հայաստանը Եվրոպայի համար կնշանակի կորցնել կարեւոր հենակետ տարածաշրջանում: Նա համոզված է, որ հենց այդ կարեւոր հանգամանքը ղարաբաղյան հակամարտության ու այլ հարցերում Արեւմուտքին դարձնում է մեր դաշնակիցը, եւ մեծ փորձությունների դիմացած Հայաստանը կարող է ու պետք է դիմակայի հերթականը:
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ սահմանի վրա բախումներ հրահրելը պայմանավորված են ռուս-ադրբեջանական մերձեցմամբ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանին տեսնել Եվրասիական Տնտեսական Միության կազմում, ինչին ի պատասխան Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ կարող են այդ առաջարկը դիտարկել միայն Ադրբեջանին մի շարք գրավված տարածքներ վերադարձնելուց հետո: Ուստի, ըստ բանախոսի, հնարավոր է Բաքվին հրապուրելու համար Ռուսաստանը Հայաստանի շահերի հաշվին փորձի օգնել Ադրբեջանին վերադարձնելու մի շարք ազատագրված տարածքներ: Քաղաքագետի կարծիքով` հնարավոր է նաեւ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ, որից հետո Հայաստանի միջոցով հարվածներ կհասցվեն Ադրբեջանից Եվրոպա ձգվող նավթամուղերին եւ նոր կառուցվող Անդրանատոլիական գազամուղին, որը մոտ ապագայում ադրբեջանական գազը պետք է հասցնի Եվրոպա, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Վարդանյանը նշեց, որ Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկում` կանխելու համար հնարավոր պատերազմը եւ ուշադրություն հրավիրեց ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանի` Իրանում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներին: Նա միաժամանակ ավելացրեց, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են եւ պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել:
Քննարկմանը հետեւում էին նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի օգնական Արմեն Ղազարյանը, վրացագետ Ջոնի Մելիքյանը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողական միության փոխնախագահը եւ ուսանողներ, հայաստանյան լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն