ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած գումարներից տեսանելի արդյունք չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների տրամադրած տեղեկություններն այն մասին, թե որքան են կազմել 2005-2014թթ. այլ երկրների պետական կառույցներից, Եվրամիության մարմիններից եւ միջազգային կազմակերպություններից մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունների ստացած դրամաշնորհները: Ըստ այդ տվյալների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 8.000 ԱՄՆ դոլար «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթ եւ զարգացում» խորագրով միջազգային տարածաշրջանային 2-րդ գիտաժողովի կազմակերպման համար:

Իսկ, ահա, 2014թ. Եվրոպական միությունից ստացվել է 9.500 եվրո դրամաշնորհ «Եվրոպական ժառանգության օրեր» հաղորդակցման պլատֆորմի զարգացման եւ ԵԺՕ հաղորդակցման պլատֆորմին ազգային կայքէջի ինտեգրման համար:

Պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման գիտաժողովներից լուրջ ակնկալիքներ ունենալ չի կարելի, եւ որ դրանք «դատարկ բաներ են». «Դրա փոխարեն պետք է մտածել հետեւյալ հարցի շուրջ` առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն որեւէ լումա տրամադրե՞լ է իր համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գտնվող հայկական հուշարձաններից որեւէ մեկի վերականգնման համար: Այս առումով որեւէ զգալի, տեսանելի արդյունք մենք ունեցե՞լ ենք: Իսկ գիտաժողովների համար տրամադրվող գումարներն ինչպես գալիս, այնպես էլ գնում են»,-նկատեց նա:

Ա. Այվազյանի համոզմամբ` գիտաժողովների եւ նմանատիպ այլ միջոցառումների միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես հանրահռչակում է իր կատարած որոշ աշխատանքներ: Իսկ մշակույթի նախարարությունը, նրա խոսքով, պետք է հիմնավորումներ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, օրինակ` Հաղպատավանքի, Սանահինի վանքի կամ Զվարթնոցի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ, այս խնդիրները պետք է լուծվեն նաեւ կազմակերպության հովանու ներքո:

«Հայաստանը պետք է կարողանա հիմնավորված պահանջներ ներկայացնել եւ այնքան գումար ստանալ, որի շնորհիվ հուշարձանների վերականգնման հարցում տեսանելի արդյունք կգրանցենք: Այլապես ձգտել այս կամ այն հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառել, անիմաստ է»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս