Երեկ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տղամարդկանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և դանակահարությամբ:
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` քաղաքում գործող «Դովլաթ» սուպերմարկետում սեփականատերերն ու այցելուներն իրար «չեն հասկացել»: Այդ ամենի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Նրանց վիճակը կայուն բավարար է:
Այսպես, Գավառում շրջանառվող լուրերի համաձայն` տարածքի սեփականատերերի առջև ինչ-որ անհայտ անձինք պայման են դրել` 4 օրվա ընթացքում լքել տարածքը, այլապես` ստիպված կլինեն ողջ ունեցվածքը թողնել, հետո` հեռանալ: Երեկ լրացել է պայմանավորվածության 4-րդ օրը, սակայն սուպերմարկետի սեփականատերերը չեն լքել տարածքը: Առաջացել է վիճաբանություն, ծեծկռտուք, և տաքացած երիտասարդները դանակահարել են իրար:
Թե ինչի դիմաց է նման պայման դրվել և ինչ նախապատմություն ունի այս ամենը, դեռևս ճշտել չհաջողվեց, սակայն քաղաքում ակտիվ խոսակցություններ կան այն մասին, որ նման պայման առաջ է քաշել մեծահարուստ մի մարդ: Ասում են նաև, թե սուպերմարկետ այցելած անծանոթները Գավառի բնակիչներ չեն, հնարավոր է` նորատուսցիներ:
Այս տարաձայնությունը, ասում են, նոր չէ, որ սկիզբ է առել և դեռևս շատ ջուր կքաշի: Սպասենք զարգացումներին: