Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը հայկական կողմի համար կարելի է հաջողված համարել. Իվանիշվիլին գոնե հրապարակային մակարդակով միանգամայն դրական հայտարարություններ արեց, որոնք, բացի հայ-վրացական բարեկամության մասին ծեծված ճառասացությունից, պարունակում էին բավականին կոնկրետ խոստումներ` կոնկրետ ծրագրերի մասին: Առաջինը, անշուշտ, վերաբերում է աբխազական երկաթուղու վերաբացմանը. Իվանիշվիլին եւս մեկ անգամ վերահաստատեց վրաց իշխանությունների պատրաստակամությունը: Սա կարեւոր է հատկապես այն հայտարարություններից հետո, որոնք աբխազական կողմի կոշտ արձագանքից հետո արել էր Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն` հայտարարելով, որ երկաթգծի վերագործարկման հարցը փակված է: Իսկ ահա Իվանիշվիլին, ինչպես պարզվեց մամլո ասուլիսից եւ «Ազատությանը» տված նրա հարցազրույցից, տրամադրված է բավականին վճռական եւ լավատեսորեն. «Կարծում եմ, այն անպայման կվերագործարկվի: Մենք մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք աբխազական երկաթուղու վերագործարկմանը»: Հաջորդ կարեւոր հարցը վերաբերում է ջավախահայությանը: Այստեղ էլ Իվանիշվիլու` մինչ այդ տված խոստումներն իրականացնելու հրապարակային պատրաստակամությունը հուսադրող է. «Կարող եմ ասել, որ գնդակը հիմա իմ դաշտում է, որովհետեւ հայերը ջանք են թափել… Ես հայերին խոսք եմ տվել եւ ամեն ինչ էլ կանեմ ու կանեմ ավելի շատ, քան խոստացել եմ, որպեսզի իրենք զգան իրենց հայրենիքում ու արժանապատիվ ապրեն»: Ուշագրավ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին, ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության, Գարեգին Բ-ի հարցադրումից անմիջապես հետո հանձնարարական է տվել, որ Վրաստանի հայկական դպրոցներում կազմակերպվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը:
Սակայն վերը թվարկված դրական միտումները մի տեսակ չափազանց շատ են մեկ այցի համար եւ չափազանց դրական են` իրականություն լինելու համար: Արդյոք Իվանիշվիլին կիրականացնի Հայաստանում իր հնչեցրած բոլոր խոստումները, թե դրանք իր իսկ բնորոշմամբ «անփորձ քաղաքական գործչի» էմոցիոնալ խոսքեր են՝ պարզ կդառնա առաջիկայում: Սակայն մի հարցում Իվանիշվիլիու առաջին հայացքից դրական նախաձեռնությունը կասկածահարույց է արդեն իսկ հիմա. խոսքը վիճելի համարվող հայկական եկեղեցիների վերականգնման համար իր ղեկավարած հիմնադրամից միջոցներ հատկացնելու առաջարկության մասին է` անկախ այն բանից, թե եկեղեցիների ծագումնաբանական հարցով զբաղվող երկկողմ հանձնաժողովն ինչ որոշում կընդունի: Կարծում ենք, որ Իլիա երկրորդի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Իվանիշվիլիու այդ առաջարկությունը չէր կարող առանց վրաց պատրիարքի իմացության արվել` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ասել է թե` սա կարող է բավականին գեղեցիկ թակարդ լինել, եւ հայկական եկեղեցիները կարող են վերականգնվել վրացական հայտնի մեթոդներով:
ԽՈՍՏՈՒՄՆԱՇԱՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ