ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՇԻԱՑՐԻՆ, ԻՐԵՆՔ ԷԼ ՀԵՏ ՔԱՇՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր կուսակցությունն ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, ասաց՝ բոլորն էլ «դրածոներ» են, եւ ինքը չի պատրաստվում նրանցից որեւէ մեկին սատարել:
-Պարո՛ն Կարապետյան, փաստորեն, Դուք էլ որոշեցիք նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրել: Ի՞նչն է պատճառը, որ մի քանի տարվա պայքարից հետո նահանջեցիք:
-Խարդախ գործի մեջ չենք ուզում խառնվել, ղալբ գործի, անօրինական, որովհետեւ մշտապես գիտենք՝ ով է լինում նախագահը, ով է շտաբի ղեկավարը, նույնիսկ տեղակալն ով է լինում (ծիծաղում է-Ս. Գ.), ու ընդհանրապես ընտրությունները ոնց են ընթանում, դրա համար էլ չենք ուզում մասնակցել:
-Բայց Դուք ժամանակին հանրահավաքներ էիք հրավիրում, պայքարում իշխանափոխության համար: Ինչի՞ց հետո հասկացաք, որ «խարդախ» գործ է այդ ամենը: Սա չի՞ նշանակում փախուստ պայքարից:
-Իհարկե ո՛չ, ես փախուստ չեմ տալիս, փախուստ են տալիս այն մարդիկ, որոնք աղավաղեցին իմ միտինգները, ասում էին՝ Սերժի մարդն ա, իրանք դարձան Սերժի մարդը:
-Իսկ ովքե՞ր են «իրանք»:
-Լեւոնը, իրա էն ՄԱԿ-ը, ՀԱԿ-ը… Ի՞նչ ասեմ… ԲՀԿ-ն, բայց կարծում եմ, որ այնտեղ ուրիշ խնդիր ա, վախի մթնոլորտ ա… իսկ ՀԱԿ-ին ո՞վ էր խանգարում, Լեւոն Տեր-Պետրոսյանին ո՞վ էր խանգարում, ասում էին՝ մենք էս ենք, էն ենք: Ընդդիմությունը փոշիացրին, բոլորին ավիրեցին, իրենք էլ հետ քաշվեցին: Չնայած այնտեղ կային անհատներ՝ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Սէֆիլյանի պես, թող իրենք իրենց թեկնածությունը առաջադրեին: Այդպիսի անհատները կարող էին հայության համար աշխատել:
-Եթե նրանք փոշիացրին ընդդիմությունը, ինչո՞ւ Դուք չօգտվեցիք այդ իրավիճակից, որպեսզի Ձեր պայքարով դառնայիք միակ ընդդիմությունը, գուցե նաեւ ընդդիմության միակ թեկնածուն:
-Ես կարող էի, ուղղակի ես նայեցի, թե ով ա գնում ընտրության, ու հերթական անգամ հասկացա, որ դա խաղ էր: Ուրեմն լրիվ շինծու է, լրիվ սարքած է, սաղ դրածոներ են:
-Ժամանակին Դուք հրապարակ էիք հրավիրում ժողովրդին ու պայքարի կոչերով հանդես գալիս, նշում էիք, որ «կփրկեք» ժողովրդին: Հիմա մարդիկ ո՞ւմ վրա պետք է հույս դնեն:
-Ժողովուրդը, ժողովուրդը, ի՞նչ ասեմ ժողովրդին… ժողովուրդը լավն ա, ուղղակի որ փող է վերցնում, դա շատ վատ է: Պարզ է, որ ոչ բոլորը, բայց մեծ մասը: Ես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ դրեցի իմ թեկնածությունը, իմ դեմ էին փողը վերցնում, ինձ ասում էին՝ քեզ հարգում ենք, բայց դե շնից մազ ենք պոկում: Ի՞նչ ասեմ, էս ա ժողովուրդը: Իրենք էլ ոչ մի ելք չունեն, իրենք էլ էդպես են մտածում:
-Նեղացե՞լ եք ժողովրդից, որ անվճար Սեւան տարաք, DVD-ներ ու հեռուստացույցներ բաժանեցիք, վերջում նրանք Ձեզ միայնակ թողեցին:
-Ես դա ի սրտե եմ արել եւ չեմ փոշմանել, ի վերջո, իմ ժողովրդի համար եմ արել, էդ ա մնում, ի՞նչ անեմ, էդ էլ արդեն իրենց շնորհքն է:
-Քննադատեցիք ընդդիմությանը: Բայց, լինելով քաղաքագետ, կարո՞ղ եք բացատրել՝ ինչու իրեն այլընտրանքային ուժ հռչակած ԲՀԿ-ն ու ավանդական ընդդիմադիր ՀՅԴ-ն եւս որոշեցին բոյկոտել ընտրությունները:
-Ես կարծում եմ՝ ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ որոշակիորեն կոալիցիոն ձեւով մի բան կլինի: Կարծում եմ՝ վարչապետի աթոռի մասին խոսք կգնա: ՀՅԴ-ն էլ ԲՀԿ-ի հետ է, ընդեղ միասին են իրանք: «Դաշնակցություն»-ն էս վերջերս միշտ կցորդ ա, ցավոք:
-Ի՞նչ «ճակատագիր» է սպասվում Ձեզ եւ Ձեր կուսակցությանը:
-Ես տեսնեմ, եթե հնարավոր լինի միանալու որոշ իրական ուժերի հետ, մաքուր ուժերի հետ, որոնք չեն աղավաղի ամեն ինչ, չեն աղտոտի… դեռ դրա մասին կխոսեմ: Բայց հիմա որոշում չունեմ:
-Հնարավո՞ր է՝ ինչ-որ թեկնածուի սատարեք, օրինակ՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին կամ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Ո՛չ: Հրանտ Բագրատյանն ո՞վ ա, նախկին վարչապետն ի՞նչ ընդդիմություն, ցավդ տանեմ, օլիգարխ… իմ հետաքրքրության շրջանակներում ինքն ընդհանրապես չկա: Ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ ես գիտեմ, նա մասոնական, մորմոնական օղակներ են, բողոքական են, ցավդ տանեմ: Ասում ա՝ ուրիշ Հայաստան, այլ Հայաստան: Բոլորին էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում իրականում: Մի խոսքով, վերջ, ոչ մեկին էլ չեմ սատարելու: Արդեն ամեն ինչ ասացի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս