Եթե նախագահի թեկնածուների մեծ մասին դիտարկենք որպես իշխանության դրածոներ, որոնք իշխանության պատվերով Հայաստանում ընտրությունների ինստիտուտի արժեզրկման առաքելություն են իրականացնում, ապա կտեսնենք, որ թեկուզեւ առաքելությունն իրականացված է, սակայն սա էլ Սերժ Սարգսյանի ուզած պատկերը չէ: Հաշվարկներն այնքան էլ չեն արդարացվում:
Թեկնածուներ ունեցանք, մնում է՝ ռազմավարությունը: Ի՞նչ ռազմավարություն են ընտրել նախագահացուները:
Գլխավոր դերակատար համարվող Սերժ Սարգսյանն այս անգամ այլ ռազմավարություն կիրառեց ավանդական ընտրակեղծիքներից խուսափելու նպատակով: Դաշտը մաքրեց հնարավոր մրցակիցներից, ինչի արդյունքում ստացվեց, որ չկա պայքարի տեսանելիություն:
Թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից կհայտարարի հացադուլ կրկին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հացադուլավորը կլինի նախագահի թեկնածու, այն էլ՝ մինչ ընտրությունները: Բնականաբար, այս դեպքում հնչեղությունն այլ է լինելու, քանի որ սա արդեն Մաշտոցի պուրակ չէ, ինքն էլ նախագահի թեկնածու է. աղմուկը կհասնի մինչեւ եվրոպական կառույցներ:
Մեկ այլ թեկնածու՝ «Հայաստանում տիեզերքի արտակարգ եւ լիազոր դեսպան» Վարդան Սեդրակյանը (նույն ինքը՝ էպոսագետը) բացահայտ այն աստիճանի է ծաղրի ենթարկում ու արժեզրկում Հայաստանում ընտրությունների ինստիտուտը, որ արժեզրկելու իր «ներդրումով» նույնիսկ «ղարաբաղցիներից» հետ չի մնում: Ռազմավարության մասին այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ այն, դեռ չսկսված, տապալվեց:
Էպոսագետին հետեւում են «հավերժ թեկնածու» տիտղոսին արժանի Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, որոնք նույնիսկ տեսանելիություն չեն ստեղծում: Այս երկուսի ռազմավարությունը նախորդ անգամից էապես չի տարբերվի, չի տարբերվի նաեւ 2018-ին: Սա կրկնվող հավերժական ցիկլ է:
Հրանտ Բագրատյանի ռազմավարության մեջ մեխը լինելու է տնտեսությունը: Սակայն որքան էլ թեկնածուն խոսի իր տնտեսագիտական գիտելիքների եւ ծրագրերի մասին, ստեղծված իրավիճակում չի կարող հավաքել լուրջ մրցակից լինելու համար գոնե նվազագույն քանակությամբ ձայներ, հատկապես որ նրա դեմ արդեն իսկ կիրառվում է «սեւ PR» տեխնոլոգիան:
Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, անշուշտ, կընթանա բաժակաճառ հիշեցնող հայրենասիրական կոչերով, որոնք, ըստ էության, ոչ մի նոր բան չեն ասի: Հայկական հարց, ԼՂՀ հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն, սփյուռք, երկխոսություններ. այս ամենը բոլորն էլ գիտեն, բայց կոնկրետ լուծումներն ու այդ ուղղությամբ արվող քայլերը դեռ չեն երեւում:
Եվ վերջապես, Պարույր Հայրիկյանի ռազմավարության մեխը կլինի իր անձը, որին մարդիկ վաղուց են ծանոթ: Կրկին ոչ մի նորություն: Կրկին կարժեւորվի անկախության գաղափարը, կհնչեն բազում գեղեցիկ խոսքեր ու արտահայտություններ, բայց Հայրիկյանի գնացքն արդեն մեկնել է:
ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ