ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ
Նախընտրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակության հիմնական մտահոգությունը կապված է ընտրացուցակների անճշտության հետ: Այդ մասին երեկ հայտարարել է պատվիրակության ղեկավար Քերեն Ուոլդսեթը: «Դեռեւս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Պատվիրակությունը նաեւ հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»,-ասել է  նա:

ՊԱՅՔԱՐ` ԶՐՈՅԻՑ
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարություն է տարածել առաջիկայում ներկայացվելիք քաղաքացիական փաստաթղթի նախագծի մասին: «Ներկայում առաջնային է դառնում հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը»,-Tert.am-ին ասել է Փաշինյանը` նշելով, որ փաստաթղթում «ընդամենը արձանագրված կլինեն հետագա պայքարի մասին որոշակի պատկերացումներ»:

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ԱՆՁԱՄԲ
«Օրինաց երկիր» կուսակցությունը նախագահական ընտրություններին կհամագործակցի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ եւ հանդիպումներ կունենա մարզերում իր ակտիվի հետ: Այդ մասին հայտնել է ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Նա նշել է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կայցելի ՀՀ բոլոր մարզեր ու Երեւանի բոլոր համայնքներ:

ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հրամանով ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ առանձին աշխատանքային խումբ: Խմբի ղեկավարն է ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը: Նշենք, որ գլխավոր դատախազությունում եւս ստեղծված է աշխատանքային խումբ, որի հետ ՀՔԾ աշխատանքային խումբը պետք է համագործակցի:

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հենց առաջին օրը թեկնածուները կարող են օգտվել թիկնապահների ծառայությունից: Նման անվճար հնարավորություն նրանց առաջարկում է ՀՀ ոստիկանությունը: Սակայն թեկնածուներից Արամ Հարությունյանը հրաժարվել է թիկնապահներից, քանի որ իր կարգախոսն է. «Ես Ձեզնից մեկն եմ»: Նա «Ա1+»-ին ասել է, թե որոշ սպառնալիքներ արդեն ստացել է, որոնց մասին կխոսի ավելի ուշ: Իսկ թիկնապահներից նույնպես հրաժարված էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ  նշել է. «Մարդու անվտանգության հարցերը լուծվում են տիեզերքում, ոչ թե երկիր մոլորակի վրա: Պատմության օրինակներ շատ կան՝ Կեսար, Քենեդի, Վազգեն Սարգսյան, դրա կարիքը չունեմ»:

ՉԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այն փաստը, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում չհանդիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ կայքեր նշեցին, թե պատճառը Աբրահամյանի` ջավախքյան ծագում ունեցող, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ ունեցած սերտ հարաբերություններն են եւ նրա միջոցով Միխայիլ Սահակաշվիլուն ցույց տրված աջակցությունը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, սակայն, այս հարցի կապակցությամբ «Ժողովուրդ»-ին ասաց. «Պաշտոնական այցով ժամանած վարչապետերը, ըստ արարողակարգի, խորհրդարանում հանդիպումներ չեն ունենում, բացառությամբ պառլամենտական երկրների»:

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր կենտրոնական շտաբում երեկ հանդիպել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին` վերջինիս նախաձեռնությամբ:  Բագրատյանը ներկայացրել է «Ընդամենը հարյուր քայլ մինչեւ սոցիալական արդարություն» տնտեսական ծրագիրը: Քննարկվել են նաեւ արտաքին քաղաքականության եւ քաղաքական բարեփոխումների ծրագրերը:




Լրահոս