
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ.
Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։
Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։