ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀՈՎ Է «ՎԱԽԵՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստան» տեղեկատուն դատի է տվել «Սեմուր ընդ Կո» ընկերությանը ու պահանջում է 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝ ընկերությունը համագործակցել է տեղեկատուի հետ, պայմանավորվածություն ունեցել, թե որքան գումար է վճարելու  ծառայության համար, սակայն «գործի» վերջում փոշմանել է: Ամիսներ հետո տեղեկատուն որոշել է դատի տալ ընկերությանը եւ դատարանի միջոցով ստանալ իր հասանելիքը:
Նախ նշենք, որ «Սեմուր ընդ Կո» ընկերությունը պատկանում է Գուրգեն եւ Արմեն Վիրաբյան եղբայրներին, որոնք Եղվարդ քաղաքից են: Արմեն Վիրաբյանը բոլորին հայտնի է Շվարց մականվամբ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Արմեն Վիրաբյանն ամենուր գլուխ է գովել, թե ինքն այդ գումարը չի տալու, քանի որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո) իր «թիկունքին» է: Մեր տեղեկություններով՝ Շվարցն ու Խաչատրյանը բարեկամական կապեր ունեն, ու Վիրաբյանը, օգտվելով դրանից, չի պատրաստվում վերադարձնել ընկերության հասանելիքը:
Մեր տեղեկությունները ճշտելու համար փորձեցինք զրուցել Արմեն Վիրաբյանի հետ. «Ուրեմն Ձեր բոլոր հարցերն իմ փաստաբանի հետ հա՞… հիմա Դուք ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ»: Մեր հարցին, թե Դուք ամեն տեղ հայտարարում եք, որ Գագիկ Խաչատրյանը Ձեր բարեկամն է, եւ Դուք «Հայաստան» տեղեկատուի պահանջած գումարը չեք տալու, ասաց. «Ո՞ւմ, ո՞վ ա տենց բան ասել, Ձեր տեղեկությունները շատ բան կարող են անել, կարող ա ասեն` Պուտինն էլ իմ մտերիմն ա: Նախ` ես Ձեզ չեմ ճանաչում, ու Ձեր հարցերին էլ իրավասու չեմ պատասխանել, ու մյուս անգամ խնդրում եմ այլեւս չզանգեք ու չանհանգստացնեք»:
Որոշ ժամանակ անց զանգահարեց մի աղջիկ, ասաց, թե ինքը փաստաբան է ու սկսեց գոռգռալ. «Դուք զանգահարել եք, ասել եք՝ «Ժողովուրդ» թերթից եք, շանտաժ եք արել, անհանգստացրել եք այդ մարդկանց, դրա համար էլ ես զանգահարել եմ, որպեսզի ճշտեմ, թե ինչ եք ուզում, ես Լիանա Բալյանն եմ, «Սեմուր ընդ Կո»-ի փաստաբանը»: Փորձեցինք փաստաբան ներկայացած Լիանա Բալյանից պարզել, թե ինչ է նշանակում «շանտաժ եք արել», երբ ընդամենը ցանկացել ենք տեղեկանալ, թե որ փուլում է գտնվում դատական գործը: «Ես զանգահարել եմ, որ Դուք բացատրեք, թե Ձեր զանգելու իմաստը որն է, ես կարող եմ ասել, որ դատը հունվարի 31-ին է, գնացե՛ք դատարան, կտեղեկանաք, գործը դեռեւս նախնական փուլում է: Ճիշտ է, իրենք մեզանից 1 միլիոն ուզում են, բայց օրենքով պայմանագիրը շուտ է լուծվել, մնացածի մասին կարող եք դատարան գնալ ու տեղեկանալ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Շվարցը 2006-ի սեպտեմբերի 6-ին սպանված Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի գործով ձերբակալվածն էր: Նա ժամանակին աշխատել է հարկային շառայությունում օպ. վարչության 7-րդ բաժանմունքի ղեկավար, իսկ մինչ այդ՝ ՀՀ ոստիկանության աշխատակից է եղել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս