Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ընտրական փուլի քառորդ եզրափակիչում Հայաստանը 13:10 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանն ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որը կայանալու է օգոստոսի 22-ից 23-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են «Հին աշխարհամասի» ուժեղագույն 16 երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը:
Հիշեցնենք, որ Լատվիայում ընթացող ընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնց պայքարում լավագույն 5-ը ուղեւորվելու են եզրափակիչ փուլ: