ՄՏԱՀՈԳՎՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկավարժական գիտությունների դոկտոր Սերգեյ Մանուկյանը բաց նամակով դիմում է ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանին: Նամակում նա կարծիք է հայտնում, որ Բրուտյանը ակնհայտ վտանգ է ներկայացնում մանկավարժագիտության համար:
«2012թ. փետրվարի երկուսին Ձեզ դիմեց Տաթեւ Ներկարարյանը: Նա տեղեկացրեց Ձեզ` Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի նախագահին, այն մասին, որ 2010թ. դեկտեմբերին՝ իր ատենախոսության պաշտպանությունից 3 օր առաջ, առաջատար կազմակերպությունը հրաժարվեց առաջատար լինելուց եւ հետ վերցրեց իր՝ արդեն ներկայացրած դրական կարծիքը: Քանի որ արդեն կային փորձագետների եւ ընդդիմախոսների դրական կարծիքները, Տ. Ներկարարյանը խնդրեց Ձեզ նշանակել նոր առաջատար կազմակերպություն եւ պաշտպանության օրը: Դուք մերժեցիք այդ խնդրանքը՝ պատճառաբանելով ատենախոսության վերնագրում տեղ գտած իբր իրականությանը չհամապատասխանող «մանկավարժական հասկացություններ» բառակապակցությունը: Դուք ասացիք, որ կան մանկավարժության, բայց ոչ մանկավարժական հասկացություններ: Ինքս անձամբ Ձեզ ներկայացրի ինը մանկավարժական աշխատություններ, որտեղ օգտագործվել Է «մանկավարժական հասկացություններ»  բառակապակցությունը:
Դուք ներկայացրիք Ձեր մերժման նոր հիմնավորում: Ասացիք, որ ատենախոսության մեջ օգտագործվում են «դաստիարակություն նեղ իմաստով» եւ «դաստիարակություն լայն իմաստով» հասկացությունները, այն դեպքում, երբ չկան այդպիսիք:
Այս անգամ արդեն Տ. Ներկարարյանը Ձեզ ներկայացրեց մանկավարժագիտության աշխատություններ, որտեղ բազմիցս օգտագործվում են այդ հասկացությունները:
Սակայն Դուք շարունակական դարձրիք Ձեր մերժումները՝ այս անգամ էլ ասելով, որ ատենախոսության մեջ հասկացությունները առնված են չակերտների մեջ, որը սխալ է: Դրանք պետք է գրվեն շեղ կամ մուգ տառերով: Տ. Ներկարարյանը Ձեզ ներկայացրեց 10 մանկավարժական եւ հոգեբանական աշխատություններ, որոնցում տեղ գտած բոլոր հասկացությունները չակերտների մեջ են առնված: Այնուամենայնիվ, Դուք չզիջեցիք Ձեր դիրքերը, եւ այդպես էլ չընտրվեց նոր առաջատար կազմակերպություն, եւ պաշտպանությունը չկայացավ:
Հիմա հարցնում եմ, մի՞թե ՀՀ ազգային ակադեմիկոսն իրոք իրավացի է, երբ կասեցնում է ատենախոսության պաշտպանությունը միայն այն պատճառով, որ հասկացությունները շեղ կամ մուգ տառերով չեն գրվել: Ըստ նրա՝ դրանք չակերտների մեջ ներկայացնելն այն աստիճանի անընդունելի է, որ ատենախոսությունը պաշտպանության չընդունելու հիմք է դառնում»:

Զարմացած, տարակուսած ու մեր գիտության ճակատագրով մտահոգված` մանկավարժական գիտությունների դոկտոր`  Սերգեյ Մանուկյան




Լրահոս