«ՀայԳազարդ»-ը գյուղացիներին դեռ չի փոխհատուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի մի քանի գյուղում, այդ թվում` Լուսակերտ և Գուսանագյուղ համայնքներում, օրեր առաջ լարված իրավիճակ է եղել. Լուսակերտի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ եկել են գյուղ, պտտվել տներով և առաջարկել ժամանակից շուտ հացահատիկը քաղել, քանի որ հողի տակ գազի հին խողովակներ կան, որոնք պետք է շտապ ապամոնտաժվեն: Այս մասին մեզ ահազանգած քաղաքացիները նշեցին նաև, որ տվյալ մարդիկ չեն ներկայացել, թե որ ընկերությունից են և ինչ նպատակով են ցանկանում այդ խողովակներն ապամոնտաժել:

ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը, որն ապամոնտաժել է գազի այդ խողովակները, բնակիչների հետ իրենց վնասը փոխհատուցելու մասով պայմանագիր է կնքել: «Իրենք խոստացել են, որ ապամոնտաժելուց հետո նաև հողատարածքի իրենց կողմից քանդված հատվածները կբերեն նախկին տեսքին: Ու արեցին դա: Միշտ ուշադիր եմ եղել, որպեսզի բնակիչներին չնեղեն, չմոլորեցնեն: Պահանջել եմ մինչև վերջին փաստաթուղթը ներկայացնել, որպեսզի ոչ մի անօրինական գործողություն չլինի՝ լիցենզիա, սեփականության վկայական, թույլտվություն, առուաճառքի պայմանագիր և այլն»,- ներկայացրեց գյուղապետ Ղազարյանը: Մեր զրուցակցի պատմելով՝ այս հարցով հետաքրքրվել են նաև մարզային ոստիկանությունն ու դատախազությունը: «Նույնիսկ մի ընթացք դադարեցվեցին այդ աշխատանքները, երբ դատախազությունը ստուգեց բոլոր փաստաթղթերը և անօրինական ոչինչ չգտավ, նորից շարունակվեցին ապամոնտաժման աշխատանքները»,- հավելեց Գուսանագյուղի գյուղապետը:

Իսկ նույն մարզի Լուսակերտ համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գազի խողովակները ապամոնտաժելուց հետո հիմա գյուղացիներն զբաղված են հացահատիկի բերքահավաքով: Իսկ գազի հին խողովակների հետ կապված էլ նշեց հետևյալը. «Ճիշտ է, մարդիկ եկել են ու գազի հին խողովակները հանել են, բայց դրա դիմաց վճարել են գյուղացիներին: Իհարկե, ցանքսի ժամանակ այդ խողովակները չեն խանգարել, բայց մենք ենք սխալվել, որ այդ տարածքներում հացահատիկ ենք ցանել: Իրավունք չունեինք կոմունիկացիաների վրա վարուցան անել»: Գյուղապետից տեղեկացանք նաև, որ այն ընկերությունը, որն իրականացրել է գազի խողովակների ապամոնտաժումը, դեռ պետք է գյուղի յոթ բնակչի գումար փոխհատուցի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետերը, ինչպես նաև՝ գյուղերի բնակիչները, չկարողացան նշել, թե կոնկրետ որ ընկերությունն է ապամոնտաժել գազի հին խողովակները: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մարզային տեսչության պետ Սերգեյ Ամիրբեկյանի հետ: Սակայն պարզվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային ներկայացուցիչը տեղյակ չէր խնդրին: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, որովհետև «Գազպրոմ Արմենիա»-ի բալանսի կազմում չեն գտնվում այդ խողովակները: Դրանք մեր բալանսից դուրս գրված խողովակներ են, բայց տեղյակ չեմ, թե որ կառույցն է ապամոնտաժում»,- նկատեց Ամիրբեկյանը:

Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազի հին խողովակաշարը, որն ապամոնտաժվել է, պատկանում է «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Փորձեցինք ընկերության ներկայացուցչից հետաքրքրվել, թե ինչու են գյուղերի բնակիչներին առաջարկել ժամանակից շուտ հացահատիկը հավաքել, և ինչու չեն փոխհատուցվել Լուսակերտի յոթ բնակիչների գումարները: Ապամոնտաժման հարցերով զբաղվող Գեորգի Գրիգորյան, մեզ հետ զրույցում ներկայացրեց. «Բնակիչներին համապատասխան փոխհատուցումն արվել է: Ավելին՝ իրենց հավաքած բերքից երեք անգամ շատ է տրվել: Պատահել է, որ ապամոնտաժվող հատվածներում խոտ է եղել կամ էլ արտի սեփականատերն ասել է՝ ինչիս է պետք, քանդեք, հանեք:

Մենք գյուղացու դաշտում փչացրել ենք ընդամենը 10-40 քմ տարածք, բայց դրա դիմաց կրկնակի-եռակի ավել գումար ենք տվել: Նույնիսկ գյուղացի կա, ով ստորագրել է, որ իրեն պատկանող այսքան ցորեն փչացել է ապամոնտաժման արդյունքում, և դրա դիմաց այսքան գումար փոխհատուցում է ստացել»: Իսկ Լուսակերտի փոխհատուցում չստացած 7 բնակիչների մասով էլ ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց. «Առաջիկայում կանենք: Խնդիր չկա»: Նշենք, որ ապամոնտաժված այդ խողովակները «Հայգազարդ»-ից գնել է «Արազ շին» ընկերությունը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաև «Հայգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Հարությունյանի հետ. «Դրանք չգործող, շատ հին խողովակաշարեր են եղել, որոնք մենք օտարել ենք: Տասնյակ տարիներ ոչ ոքի կողմից դրանք չեն շահագործվել, մեր բալանսի կազմում էին գտնվում: Մեր գործառույթն էլ հիմնականում դա է. պահեստներում ինչ ունենք, օտարում ենք, որպեսզի ձեռնարկությունը կարողանա աշխատել: Ոչ մի լարված իրավիճակ չի ստեղծվել դրա շուրջ: Պայմանագրով որ ընկերությանը օտարել ենք, իրենք էլ իրենց հերթին գյուղացիների հետ պայմանագիր են կապել»,- եզրափակեց ընկերության տնօրենը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս