ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մինչեւ ո՞ր ժամն է նախատեսված քաղաքային տրանսպորտի աշխատանքը. եթե ժամը 20-21-ից հետո չեն աշխատում, ո՞վ է պատասխանատու դրա համար, եւ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում:

Գարեգին Մոսինյան (64 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւանի քաղաքապետարանին ուղղված Գարեգին Մոսինյանի հարցմանն ի պատասխան` աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիները նախատեսված է սպասարկել մինչեւ ժամը 23:00-ն:
Ամենօրյա կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ քաղաքացու կողմից մատնանշված ժամը 20-21-ից հետո երթուղիների չսպասարկվելու ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ էր հիմնավորել՝ որ երթուղու մասին է հարցապնդումը եւ որ ժամանակամիջոցի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխադրող ընկերությունների կողմից նախատեսված շարժակազմի թվաքանակից պակաս շարժակազմով կամ չվացուցակի խախտումներով սպասարկման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, եւ պայմանագրային պարտականությունների խախտման դեպքում կազմված արձանագրությունների հիման վրա խախտողները տուգանվում են:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տրանսպորտի անկանոն եւ վատ աշխատանքի խնդիր Երեւանում ակնհայտ կա: Սակայն միշտ այնպես է ստացվում, որ քաղաքապետարանը համառորեն թերությունները չի նկատում, եւ խնդիրը մնում է չլուծված: Չնայած համաձայն ենք քաղաքապետարանի պատասխանի այն մասի հետ, որ պետք է նշել, թե կոնկրետ որ երթուղու մասին է խոսքը եւ որ ժամանակամիջոցի:




Լրահոս