Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 35 հազար տոննա ծիրան: Հուլիսի վերջի տվյալներով` շուրջ 1500 տոննա մթերել են մարզի գործարանները: Ամենից շատ մթերումն իրականացրել են երեք գործարաններ. «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մթերել է 550 տ ծիրան, Պռոշյանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը` 260 տ և «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն` 420 տոննա: Մթերումն իրականացվել է 60 դրամով:
Բացի ներքին շուկայում սպառումից և գործարանների կողմից մթերումից, 8400 տոննա ծիրան է սպառվել նաև սառնարանային տնտեսությունների միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ վերջին տարբերակով մթերում է իրականացվել տարբեր գներով` սեզոնի սկզբում 1500 դրամով, ապա սակագիրնը նվազել է` հասնելով 300-ի:
Մարզում ամենից շատ ծիրան է արտադրվել 2013 թվականին` 40 հազար տոննա: Նախորդ տարի ցրտահարությունը ոչնչացրեց ծիրանի բերքը դեռևս ծաղկի շրջանում: Իսկ այս տարի մայիսի երկրորդ տասնօրյակում մարզում մի քանի անգամ տեղացած կարկուտը փչացրեց ծիրանի ողջ բերքի 20 տոկոսը` ազդելով ապրանքային տեսքի վրա: Կարկուտի հետևանքով ոչնչացած ծիրանի քանակը չնչին է:
Սառնարանային տնտեսությունների կողմից մարզից արտահանվել է նաև 50 տոննա վաղահաս դեղձ: