Ամեն օր տարբեր տրամաչափի իշխանիկների փոփոխությամբ երկրում խնդիր չի լուծվելու. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի` հոսանքը 7 դրամով թանկացել է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, թե այդ 7 դրամ թանկացումը Կառավարությունը կսուբսիդավորի «Որոտան կասկադ»-ի վաճառքից ստացած գումարներով:

Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց` դա նույնն է, թե, ասենք, քաղաքացին իր գրպանից վճարի. «Դա նույնն է, թե մենք մեր նպաստներից, թոշակներից կամ աշխատավարձից վճարենք: Եթե ուզում էին բարեգործություն անել, թող իրենց թալանած գումարները վճարեին: Շատ վատ եմ դրան նայում»:

Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում «Ոտքի´ Հայաստան» շարժման պայքարին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականի պահանջին, ազատամարտիկը նշեց. «Ոչ թե պետք է ամեն օր ինչ-որ շարքային պաշտոնյաների հրաժարականի խնդիր դնենք, այլ այստեղ պետք է համակարգային փոփոխության խնդիր դնենք, Սերժ Սարգսյանի ու իր ամբողջ հանցագործ վարչախմբի հրաժարականի խնդիր պետք է դնենք: Ամեն օր տարբեր տրամաչափի իշխանիկների փոփոխությամբ երկրում խնդիր չի լուծվելու: Միմյանց փոխարինելով` հարց չի լուծվելու: Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց` ձուկը գլխից է նեխում: Այս իշխանությունների ձուկն իրականում գլխից նեխած է: Իհարկե, չեմ ուզում կասկածի տակ դնել այս նախաձեռնության անդամների ազնվությունը, բայց պետք է արմատական լուծման խնդիր դնել: Այս չարիքի իշխանություններից պետք է երկիրն ազատել»:

Թե ինչ քայլեր կառաջարկի Ազատամարտիկների դաշինքը, Ռազմիկ Պետրոսյանը չմանրամասնեց: Վերջինս միայն նշեց, որ իրենք մոտ ժամանակներում ամբողջ կազմով կհավաքվեն և առաջարկները կանեն: «Մենք նաև կոչ կանենք, որ քաղաքական ուժերը ևս միանան մեզ: Իրականում, կան այն ազնիվ քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է երկիրը հանեին այս վիճակից: Բայց այսօր, արհեստական քաղաքական խմբավորումներ ստեղծելով, փորձում են ընդդիմադիր դաշտը փակել, բայց ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Ազատամարտիկների օգնությամբ այս հարցերին լուծում լինելու է»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը:




Լրահոս